Տղամարդը, որը նախօրեին Հյուսիսային Օսիայում կերակրափողի այրվածք էր ստացել «Ջերմուկ»-ի նոր շշում հանքային ջրի փոխարեն եղած քացախը խմելու հետևանքով, մահացել է հիվանդանոցում, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Թունավորվածին հատուկ ինքնաթիռով ուղարկել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ: Բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն տղամարդն այսօր մահացել է։
Հիշեցնենք, որ ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը, հայտարարել է «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքի կասեցման մասին՝ ստուգելու դրա անվտանգությունը։
Պատճառը Վլադիկավկազի բնակչի մոտ կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հյուսիսային Օսիայի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել մի կում քացախ խմելուց հետո, որը, ինչպես պարզվել է, եղել է Հայաստանից բերված հանքային ջրի նոր, չբացված շշի մեջ։ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն Telegram-ի իր ալիքում առաջարկել էր դադարեցնել դրա վաճառքը տարածաշրջանում:
«Այսօր տեղեկություններ հայտնվեցին, որ Վլադիկավկազի մի բնակիչ «Ջերմուկ» հանքային ջրի շշից խմելուց հետո կերակրափողի այրվածք է ստացել, ջրի փոխարեն նոր փակ շշի մեջ քացախ է եղել, ես տեղյակ եմ իրավիճակի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Կոչ եմ անում հանրապետության բնակիչներին՝ քանի դեռ բոլոր հանգամանքները չեն պարզվել, մի օգտագործեք «Ջերմուկ» ապրանքանիշի արտադրանքը, զգույշ եղեք»,- նշել է Մենյայլոն։
0Comments