Գիտնականները եկել են այն եզրակացության, որ մահացող աստղերն ունակ են ժայթքումներ առաջացնել և հսկայական զանգված բաց թողնել տիեզերք։ Սա վերաբերում է նաև Արեգակին, որն ապագայում կդառնա կարմիր հսկա, կկորցնի իր արտաքին ծածկույթը, իսկ միջուկը կփլուզվի՝ վերածվելով գերխիտ սպիտակ թզուկի (ջերմամիջուկային էներգիայի սեփական աղբյուրներից զուրկ, շատ մեծ խտությամբ աստղ):
Այնուամենայնիվ, ի՞նչ կլինի Երկրի և այլ մոլորակների հետ Արեգակի մարելուց հետո: Արդյո՞ք նրանք կթափառեն մեր գալակտիկայի շուրջը իրենց ուղեծրի խախտման պատճառով, թե՞ կհայտնվեն սպիտակ թզուկի գրկում: Հնարավո՞ր է, որ այս մոլորակները հանգիստ պտտվեն հնացած աստղի շուրջ, քանի դեռ այն դանդաղորեն սառում է միլիարդավոր տարիների ընթացքում: James Webb տիեզերական աստղադիտակի օգնությամբ արված նոր հայտնագործությունը կարող է օգնել պատասխանելու այս հարցերին և բացահայտել Արեգակնային համակարգի հնարավոր ճակատագիրը:
James Webb-ի օգնությամբ աստղագետները կարողացել են ուղղակիորեն ստանալ երկու գազային հսկա էկզոմոլորակների պատկերները, որոնք պտտվում են սպիտակ թզուկների շուրջը: «Եթե հաստատվի, ապա սրանք կլինեն մոլորակների առաջին ուղիղ պատկերները, որոնք տարիքով և հեռավորությամբ նման են մեր արեգակնային համակարգի հսկա մոլորակներին և ցույց են տալիս, որ հսկա մոլորակները, ինչպիսին է Յուպիտերը, կարող են գոյատևել աստղի էվոլյուցիայի ժամանակ»,- գրում է Տիեզերական աստղադիտակի գիտական ինստիտուտի (STScI) աստղագետ Սյուզան Մուլալիի գլխավորած թիմը։
Շատ դժվար է ուղղակիորեն նույնականացնել էկզոմոլորակները՝ պայմանավորված դրանց փոքր չափերով և էկզոմոլորակների և աստղերի լույսի արտանետումների մեծության տարբերությամբ: Սակայն Jame Webb-ը տիեզերական աստղադիտակներից ամենահզորն է, որն աստղագետներին հնարավորություն է տվել հայտնաբերել հսկա էկզոմոլորակներ, որոնք պտտվում են երկու սպիտակ թզուկների՝ WD 1202-232-ի և WD 2105-82-ի շուրջ, Երկրից համապատասխանաբար 34 և 53 լուսատարի հեռավորության վրա։ Այս մոլորակների ստույգ զանգվածը ներկայումս անհայտ է, սակայն պատկերները ցույց են տալիս, որ դրանց զանգվածը կարող է 1-7 անգամ գերազանցել Յուպիտերին: Ավելի ճշգրիտ արդյունքներ կարող են ստացվել ապագայում:
Առավել հետաքրքիր է սպիտակ թզուկների և նրանց մոլորակների ուղեծրային հեռավորությունը: WD 1202-232-ի շուրջ պտտվող առաջին էկզոմոլորակը գտնվում է 11,47 աստղագիտական միավոր հեռավորության վրա՝ Սատուրնից մի փոքր ավելի հեռու, որն Արեգակի շուրջը պտտվում է 9,5 աստղագիտական միավոր հեռավորության վրա։ Երկրորդ էկզոմոլորակը, որը պտտվում է WD 2105-82-ի շուրջը, ունի 34,62 աստղագիտական միավոր ուղեծրի հեռավորություն, որը համեմատելի է Նեպտունի ուղեծրային հեռավորության հետ՝ 30 աստղագիտական միավոր։
Այս բացահայտումը կարող է ցույց տալ, որ Արեգակնային համակարգի արտաքին մոլորակների նման ուղեծրային հեռավորություններ ունեցող էկզոմոլորակները կարող են գոյատևել իրենց աստղերի մահից և շարունակեն մնալ իրենց ուղեծրում:
Մինչ այժմ սպիտակ թզուկների շուրջ ոչ մեծ թվով էկզոմոլորակներ են հայտնաբերվել, և գիտնականները սահմանափակ տեղեկություններ ունեն, որոնք կարող են օգնել՝ կանխատեսելու Արեգակնային համակարգի ճակատագիրը: Հայտնի է, որ սպիտակ թզուկները կարող են կուլ տալ մոտակա մոլորակները, դա հաստատվում է նրանց մթնոլորտի վերլուծությամբ։
Առայժմ James Webb-ի հայտնագործությունները չեն հաստատվել. երկու օբյեկտները կարող են գալակտիկաներ լինել հետին պլանում, թեև հետազոտողները կարծում են, որ դա քիչ հավանական է: Այս երկու թեկնածու մոլորակները կլինեն այն պատմության կարևոր մասը, թե ինչ է տեղի ունենում մոլորակային համակարգի հետ, երբ աստղը հասնում է իր կյանքի շրջափուլի ավարտին:
Գիտնականները մտադիր են շարունակել լրացուցիչ հետազոտությունները՝ պարզելու այս մոլորակների բնույթը և լրացուցիչ տվյալներ ձեռք բերելու համար. «Եթե մենք հաստատում ստանանք, ապա այս հսկա մոլորակները կլինեն առաջին մոլորակները, որոնք հայտնաբերված են ուղիղ պատկերման միջոցով, որոնք տարիքով, զանգվածով և ուղեծրային հեռավորությամբ նման են հսկա մոլորակներին մեր Արեգակնային համակարգում»,- նշել են ուսումնասիրության հեղինակները։
0Comments