Երբ Փաշինյանը բանակից փորձում է ռազմամարզական ակումբ ստանալ, սպորտային մրցաշարերի մասին լուրերը զայրույթ են առաջացնում

Մանրամասներ
նիկոլ պապիկյան գշ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 29-ից փետրվարի 9-ն անցկացված վոլեյբոլի առաջնության մասին գերատեսչության հաղորդագրությունները սոցիալական ցանցերում զայրույթով կամ,  լավագույն դեպքում, հեգնանքով ընդունվեցին:

Խնդիրը, թերևս, պաշտպանության նախարարության սպորտային մրցաշարի կազմակերպումը չէ, ոչ էլ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը դրան՝ անկախ ամեն ինչից հաշվի առնելով զինվորական մասնագիտության առանձնահատկությունն և լարվածությունը: Եվ որևէ վատ բան չկա, երբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասում է, որ համաբանակային սպորտային միջոցառումները պետք է զարգանան, շարունակական լինեն և տարածվեն բանակային կորպուսներում:

Հարցն այստեղ ժամանակի ճիշտ ու տեղին ընտրությունն է՝ Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող սպառնալիքների, տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերների ու սրան զուգահեռ՝ ՀՀ իշխանությունների՝ զինված ուժերի նկատմամբ տարվող քաղաքականության, բանակին առնչվող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ու առաջադրած խնդիրների ֆոնին, որոնք հակասում են զինվորականության սահմանադրական պարտավորություններին, օրենքով սահմանված պարտականություններին ու խնդիրներին:

Այսինքն, օբյեկտիվ է, երբ հանրությունը, որն այսօր ապրում է անվտանգային լարված պայմաններում, չի հասկանում ԳՇ պետի և ՀՀ պաշտպանության նախարարի վոլեյբոլի առաջնությանը ժպիտով հետևելու փաստը, երբ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից երկու օր հետո Ալիևը գնում է ռազմաօդային ուժերի օբյեկտներ և հետևում «Աքընջը» (Akıncı) հարվածային ԱԹՍ-ի մարտական թռիչքին, երբ Ադրբեջանում հարձակողական զորավարժություններ են անցկացվում, ինչը չկա Հայաստանում, կորցրել ենք հայկական պետություններից մեկը՝ Արցախը, իսկ մյուսը՝ ՀՀ-ն, կորցնելու վտանգի առաջ է կանգնեցրել Նիկոլ Փաշինյանը: Չանտեսենք նաև փաստը, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հանրության վստահությունն ու վերաբերմունքը փոխվեց անվտանգության երաշխավոր բանակի և զինվորականության հանդեպ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, որ խորացող ատելություն կա գեներալների ու զինվորականության հանդեպ, իսկ անվտանգային ապագան մշուշոտ է, կամ լավատեսություն չի ներշնչում: Ուստի կամ զինվորականությունը պետք է փորձի վերականգնել իր ու բանակի հանդեպ վստահությունը՝ որպես անվտանգության երաշխավոր և ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովողի, պետք է մասնակիցը դառնալ լուրջ ռազմական միջոցառումների, զորավարժությունների, իսկ մինչ այդ առնվազն ՊՆ-ն պետք է զերծ մնա նման թեթև միջոցառումների մասին հրապարակումներից:

Նախկինում թվարկածս որոշ գործոններ չկային, ուստի ՊՆ-ում նման մրցաշարերի անցկացումը սրերով չէր ընդունվում, եթե չասենք՝ աննկատ էր մնում: Իսկ դրանք կային, այդ նույն վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի մրցաշարերը:

Օրինակ, 2012 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով հունիս ամսվա վերջին կիրակին ՀՀ զինված ուժերում սահմանվել էր որպես Ռազմական սպորտի օր, որի շրջանակում ՊՆ վարչական համալիրի տարածքում մի շարք մարզաձևերի մրցումներ էին կազմակերպվում՝ միտված զինված ուժերում ֆիզիկական պատրաստության դերի բարձրացմանը, ռազմակիրառական մարզաձևի ու առողջ ապրելակերպի մասսայականացմանը՝ «առողջ մարմնում՝ առողջ հոգի»:

     

Բացի այս, ՀՀ պաշտպանության նախարարությունը մասնակցում էր «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարերի:

Բայց սրան զուգահեռ՝ ՀՀ ՊՆ-ն պատշաճ կերպով մասնակցում էր նաև միջազգային բանակային խաղերին ու զորավարժություններին, Արցախում և ՀՀ-ում լայնամասշտաբ զորավարժություններ էին կազմակերպվում, սահմանին մեզ հաջողվում էր խաղաղություն պարտադրել, հանրությունն էլ այդքան մոտ չէր զգում անվտանգային սպառնալիքները, կար Արցախ, Հայաստանի գոյությունն էլ կասկածի տակ չէր դրվում, և այլն: Բանակում կային խնդիրներ, բացթողումներ, որոնք չէին ընդունվում հանրության կողմից, բայց երկար աշխատանքից հետո հանրությունը սկսել էր սիրել ոչ միայն զինվորին, այլև սպային, բանակի նկատմամբ այսչափ անվստահություն չկար, ատելությունն էլ ավելի շատ կոնկրետ անձերի նկատմամբ էր, չկար համատարած ատելություն:

Այսօր երբեմնի սիրված ու հարգված զինվորականներին հանրությունն ատում է, իսկ երկրի ղեկավարությանը դա չի էլ հետաքրքրում, եթե չասենք՝ փորձ է արվում դա խորացնել:

Այնպես որ, խնդիրը ոչ թե սպորտային միջոցառումն է, այլ ժամանակը՝ ում օրոք, երբ, ինչ պայմաններում, ինչ գործոնների առկայության դեպքում, խոսքը, իհարկե, ադեկվատ և ողջամիտ մարդկանց մասին է, որոնք չեն մտածում, որ ոչ մի դեպքում չպետք է նման միջոցառումներ լինեն: