Օրական քանի քայլ է պետք անել՝ վաղաժամ մահացության վտանգը նվազեցնելու համար

Մանրամասներ
աղջիկ ոտքեր

Ընդունված է, որ երկար և առողջ կյանքի ճանապարհը սկսվում է օրական 10․000 քայլից: Սակայն չորս մայրցամաքների տասնյակ հազարավոր մարդկանց տվյալները վերլուծելուց հետո, որոնք հավաքագրվել են գոյություն ունեցող 15 հետազոտությունների ընթացքում, թիմը հանգել է ավելի կառավարելի թվի. օպտիմալ քանակությունը հավանաբար ավելի մոտ է օրական 6․000 քայլին՝ կախված տարիքից:

«Այսպիսով, մենք տեսանք վաղաժամ մահացության ռիսկի աստիճանական նվազում, քայլերի քանակն ավելացնելուն զուգահեռ, մինչև դրա կայունանալը», - ասել է ԱՄՆ Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանի համաճարակաբան Ամանդա Պալուչը, երբ ուսումնասիրությունը հրապարակվեց 2022 թվականի մարտին:

Նա բացատրել է 10․000 քայլի ընդհանուր ընդունված նորմը որպես մարքեթինգ: Կես դար առաջ, ասել է նա, Ճապոնիայի Yamasa Clock and Instrument ընկերությունը փորձել է օգտագործել 1964 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ առաջացած ոգևորությունը՝ թողարկելով քայլաչափ, որը նրանք անվանել են «Manpo-kei», բառ, որը թարգմանվում է որպես 10,000 քայլ: Ինչո՞ւ 10․000: Հին ու բարի մարքեթինգ: Դա գեղեցիկ, կլոր թիվ է, որը բավական հոգնեցուցիչ է թվում՝ նպատակ դառնալու համար, բայց բավականաչափ հասանելի՝ դրան ձգտելու պարագայում: Այն, ինչ այն չունի, դա որևէ գիտական հիմնավորումն է:

2021 թվականին Պալուչը և նրա թիմը հրապարակեցին հետազոտություն, որը հիմնված էր Միացյալ Նահանգներում ապրող ավելի քան 2․000 միջին տարիքի մարդկանց տվյալների վերլուծության վրա: Նրանք պարզել են, որ օրական առնվազն 7․000 քայլ քայլելը 50-70%-ով նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը։

Նրանց 2022 թվականի մետավերլուծությունը ներառում էր Ասիայից, Ավստրալիայից, Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից 47,471 չափահասների առողջական վիճակի և քայլերի մասին հավաքագրված տեղեկատվություն: Նրանք պարզել են, որ մեծահասակների 25%-ի մոտ, որոնք ամեն օր ամենաշատ քայլերն են անում, 40%-ից 53%-ով ավելի քիչ է մահանալու հավանականությունը: 60 տարեկան մեծահասակների համար ցուցանիշը հասնում է գագաթնակետին՝ օրական 6․000-ից 8․000 քայլ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր ավելի երիտասարդ են, կշահեն մի փոքր ավելի շատ քայլելուց, սակայն ապացույցներ չկան, որ նրանք անպայման ավելի երկար կապրեն՝ օրական ավելի քան 8․000-10․000 քայլ անելով: