Գերմանական ավտոմեքենաները Ռուսաստան են հասել Հայաստանի, Ղազախստանի և Վրաստանի միջոցով. Telegraph

Մանրամասներ
ավտոմեքենա

Գերմանական ավտոարտադրողները, ինչպիսիք են Volkswagen-ը, BMW-ն, Porsche-ն և Mercedes-ը, մեծացրել են իրենց մեքենաների և համալրող բաղադրիչների մատակարարումների ծավալը Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրներ այն բանից հետո, երբ հայտարարեցին Ռուսաստանից իրենց դուրս գալու մասին, գրում է Telegraph-ը։

Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) տվյալները ցույց են տալիս, որ գերմանական մեքենաների և համալրող բաղադրիչների արտահանումը Ղրղզստան այս տարվա առաջին ինն ամիսներին 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5500%-ով։

Նշվում է  նաև գերմանական ավտոպահեստամասերի արտահանման ավելացումը Հայաստան, Ղազախստան և Վրաստան՝ համապատասխանաբար 720%, 450% և 340%-ով։ Սա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը օգտագործում է երրորդ երկրները՝ շրջանցելու արևմտյան պատժամիջոցները և ապահովելու օտարերկրյա ապրանքների հասանելիությունը, նշում է IIF-ը։

Գերմանական ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիայի (VDA) ներկայացուցիչները հայտնում են, որ գերմանացի արտադրողները զանգվածաբար փակում են իրենց բիզնեսները Ռուսաստանում, ինչը հանգեցնում է   հարևան երկրներ արտահանման աճի։ Միաժամանակ նշում են, որ զգալիորեն նվազել է ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։

Ռուսաստանի Դաշնության բանկը հայտնում է, որ այս տարվա առաջին վեց ամիսներին գորշ սխեմայով երկիր է ներկրվել ավելի քան 20 մլրդ դոլարի ապրանք։

Սակայն զուգահեռ ներմուծման միջոցով մեքենաների մատակարարումը անշահավետ է դարձել լոգիստիկ առկա խնդիրների և գների բարձրացման պատճառով, ինչը հանգեցրեց պահանջարկի նվազմանը նույնիսկ պրեմիում դասի մեքենաների համար։