Ռուսաստանում ուժի մեջ է մտել քաղաքացիության մասին նոր օրենքը. Ո՞ւմ կարող են զրկել անձնագրից և ինչի՞ համար

Մանրամասներ
անձնագիր

Ռուսաստանում հոկտեմբերի 26-ին ուժի մեջ է մտել քաղաքացիության մասին նոր հիմնական դաշնային օրենքը, որը պարզեցնում է որոշ դիմողների համար երկրի անձնագիր ստանալու հնարավորությունը, ինչպես նաև սահմանում է քաղաքացիությունը դադարեցնելու կարգ՝ դրա տրամադրման մասին որոշումները չեղարկելու ինստիտուտի փոխարեն:

Փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Համապատասխան օրինագիծը Պետդումա է ներկայացրել 2021 թվականի դեկտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նոր օրենքի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիությունը ճանաչվում է միատեսակ և հավասար՝ անկախ դրա ձեռքբերման հիմքերից։

Ռուսաստանցիներին չի կարելի զրկել քաղաքացիությունից կամ այն ​​փոխելու իրավունքից։

Արտերկրում ապրելը չի ​​դադարեցնում քաղաքացիությունը։

Բացի այդ, Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել արտասահման կամ արտահանձնվել օտարերկրյա պետության։

Օրենքն արգելում է խտրականությունը սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հիման վրա:

Նշվում է նաև, որ Ռուսաստանը խրախուսում է երկրում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց անձնագրերի տրամադրումը։

Նոր օրենքը սահմանում է քաղաքացիությունը դադարեցնելու ինստիտուտը՝ դրա տրամադրման մասին որոշումները չեղարկելու փոխարեն։

Սա վերաբերում է միայն նրանց, որոնք քաղաքացիություն են ձեռք բերել ոչ ծնունդով (այսինքն, ծնունդով ձեռք բերված Ռուսաստանի քաղաքացիության դադարեցումը չի թույլատրվում):

Ընդլայնվել է նաև այն հանցագործությունների ցանկը, որոնց կատարումը ենթադրում է Ռուսաստանի քաղաքացիության դադարեցում։

Դրանց թվում են, օրինակ, գործողությունները, որոնք սպառնում են Ռուսաստանի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, ծայրահեղականության, դիվերսիայի, դասալքության կոչեր, բանակի մասին կեղծիքներ և զինված ուժերի վարկաբեկում։

Բացի այդ, այս ցանկը ներառում է հանցագործություններ՝ կապված պետական ​​կամ հասարակական գործչի կյանքի ոտնձգության, զինվորական գերեզմանների ոչնչացման կամ վնասման, նացիզմի վերականգնման և այլ անօրինական գործողությունների հետ։