Հանցախումբը ներթափանցելով ՀՀ-ում գործող բանկի սերվեր՝ 128 մլն դրամ է հափշտակել. ՔԿ

Մանրամասներ
սերվեր

ՀՀ ՔԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Այլ երկրի երեք քաղաքացիներից կազմված կազմակերպված հանցավոր խմբի անդամները առանց թույլտվության, պաշտպանիչ համակարգի խախտմամբ, ներթափանցել են ՀՀ տարածքում գործող բանկի համակարգչային համակարգ, ներբեռնել հեռակա համակցման ծրագիր և կարողացել բանկի բանկոմատները կառավարող սերվերը վարակել «Trojan» տեսակի վնասաբեր համակարգչային հարուցիչով։

Օրեր անց խմբի անդամներից երկուսը Կիևից ժամանել են Հայաստան, նրանց հանցակիցը, ներբեռնված համակցման վերոնշյալ ծրագրի միջոցով միանալով սերվերին, կեղծ մուտքանունով կատարված մի շարք համակցումների միջոցով ներթափանցել է ընկերության բանկոմատները կառավարող, «Trojan» տեսակի վնասաբեր համակարգչային հարուցիչով վարակված սերվեր, որն առաջացրել է բանկոմատների բնականոն աշխատանքի խափանում։

Արդյունքում՝ 2016թ․ հոկտեմբերի 22-23-ին, Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրված բանկի 16 բանկոմատներից նրանք ապօրինի ելքագրել և հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Դրանց հանցավոր ծագումը խեղաթյուրելու և էլեկտրոնային վճարային համակարգերով նշված գումարն Ուկրաինա փոխանցելու գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ դրամն էլեկտրոնային արտարժույթի փոխարկմամբ զբաղվող Երևանի բնակչի միջոցով դրա մի մասը փոխարկել են ԱՄՆ դոլարի, իսկ մյուս մասը փոխարկել «Bitcoin» և «AdvCash» էլեկտրոնային արտարժույթների և փոխանցել խմբի՝ կեղծանվամբ հանդես եկող անդամի կողմից տրամադրված հաշվեհամարներին»։