Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա

Մանրամասներ

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 721 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրից։

Օգօստոսի 21-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ևս 41 հոգի տեղափոխվել են Հայաստան: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվում են առ այսօր:

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 225 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (254 օրվա ընթացքում մարդկանց 622,300 -ի փոխարեն՝ 2,764 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 4 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 61 ելքի և մուտքի դեպք՝ ԿՄԽԿ-ի և ռուս խաղաղապահների մեքենաներով:

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 78 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (254օրվա ընթացքում 230,680-ի փոխարեն՝ 2,964 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 4օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 4 մուտք և ելք՝  ԿՄԽԿ-ի մեքենաները։