«ԱրցախԻքս» հավելվածը կապ կապահովի, եթե թշնամիներն անջատեն ինտերնետն Արցախում

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում

Հայկական «Զանգի» ընկերությունը ներկայացնում է նոր՝ «ԱրցախԻքս» հավելվածը. այն արդեն առաջիկա օրերին հնարավոր կլինի ներբեռնել IOS և Անդրոիդ համակարգերում: Ծրագրի ամբողջ ֆինանսավորումը կատարել է ընկերությունը. ժամանակակից ու պաշտպանված կապի համակարգ ստեղծելու նպատակով գործակցել են Լեռնային Ղարաբաղի կառավարության հետ, հուշագիր կնքել: Ծրագիրն ունի նույն ֆունկցիոնալությունը, ինչ հայտնի մեսենջերները՝ զանգ, տեսազանգ, տեքստային նամակներ, ֆայլեր ուղարկելու հնարավորություն: Հավելվածի շնորհիվ այս ամենը հնարավոր կլինի, եթե նույնիսկ ինտերնետն անջատվի՝ այդ դեպքում «Տելեկոմ» կապի աշտարակները կդառնան Wi-Fi տարածող լոկալ ցանց:

Վահրամ Մարտիրոսյան («ԱրցախԻքս»-ի նախաձեռնող) - Եթե անջատեն ինտերնետն Արցախից, այսինքն` աշխարհից թշնամիներն անջատեն ինտերնետը, այդ համակարգը կշարունակի իր ֆունկցիոնալությունը և կապահովի կապ՝ գոնե Արցախի ներսում:

Ծրագրի նախաձեռնող Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ հավելվածի մյուս կարևոր առանձնահատկությունը տվյալների արտահոսքից բարձր պաշտպանվածությունն է, քանի որ բոլոր սերվերները հենց Լեռնային Ղարաբաղում են:

Վահրամ Մարտիրոսյան - էն կոդեքսները, որոնք կիրառված են «ԱրցախԻքսում», համարվում են կիբերանվտանգության լավագույն մասնագետների կողմից ռեկոմենդացված ալգորիթմեր:

Սա ծրագրի գործարկման առաջին քայլն է: Հավելվածից դեռ կարող են օգտվել միայն Լեռնային Ղարաբաղում՝ 097 տելեկոմյան կոդով: «Արցախիքս»-ի հեղինակները նախատեսում են փուլային զարգացում՝ վերջնարդյունքում ստեղծելով փակ անվտանգային համակարգ:

Վահրամ Մարտիրոսյան - Ավելի շատ ռազմական նպատակներով կիրառման, այսինքն` ռազմական դրության կամ հենց պատերազմական մարտական գործողությունների ժամանակ տվյալների փոխանցման, օպերատիվ կառավարման խնդիրներ ենք փորձելու լուծել:

Ծրագրի իրականացումը սկսվել էր մինչև Լաչինի միջանցքի շրջափակումը, սակայն աշխատանքի մեծ մասն արվել է դրանից հետո՝ օնլայն ռեժիմով. գործակցել են Լեռնային Ղարաբաղի պետական ու հասարակական կառույցների հետ:

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում