Ազովի ղեկավարների վերադարձը պայմանագրերի ուղղակի խախտում է. դրանք խախտվել են թե՛ ուկրաինական, թե՛ թուրքական կողմից. Կրեմլ

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ հուլիսի 8-ին, հայտարարել է Թուրքիայից Ազովի հինգ հրամանատարների վերադարձի մասին, որոնց անձամբ է դիմավորել օդանավակայանում։

Նրանք Թուրքիա են ուղարկվել 2022 թվականի սեպտեմբերին՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ Ռուսաստանի հետ ռազմագերիների փոխանակման շրջանակներում։

Ուկրաինան հայտնել է 215 մարդու վերադարձի մասին, այդ թվում՝ Ազովի գումարտակի հրամանատարների։ Ինչպես ասել է Վլադիմիր Զելենսկին, նրանցից հինգը պետք է մնան Թուրքիայում մինչև ռազմական գործողությունների ավարտը՝ համաձայն գործարքի պայմանների։

Պատճառները, թե ինչու են հրամանատարները ժամկետից շուտ վերադարձել Ուկրաինա, Ուկրաինայի ղեկավարը չի նշել։ Թուրքական կողմը չի մեկնաբանել իրավիճակը։

Ուկրաինայի նախագահի կայքում նշվում է, որ «թուրքական կողմի հետ բանակցությունների արդյունքներով Ուկրաինան Ազովստալի ռազմական պաշտպաններին վերադարձրել է հայրենիք։

Ի դեպ, Ռուսաստանին չեն ծանուցել «Ազովի» գումարտակի հինգ հրամանատարներին Ուկրաինա տեղափոխելու մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հիշեցնելով, որ համաձայնագրի համաձայն՝ նրանք պետք է մնային Թուրքիայում մինչև պատերազմի ավարտը։

«Ազովի ղեկավարների վերադարձը Թուրքիայից Ուկրաինա ոչ այլ ինչ է, քան գոյություն ունեցող պայմանագրերի պայմանների ուղղակի խախտում։ Ավելին, այս դեպքում պայմանները խախտվել են թե՛ ուկրաինական, թե՛ թուրքական կողմից»,- ռուսական լրատվամիջոցներին ասել է Կրեմլի խոսնակը։

«Մեզ ոչ ոք այդ մասին չի տեղեկացրել»,- հավելել է Պեսկովը՝ մատնանշելով, որ պայմանավորվածությունները խախտելով՝ «Ազովի» հրամանատարներին Ուկրաինային արտահանձնելու որոշումն «ուղղակիորեն կապված է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ձախողումների հետ»։

Միաժամանակ նա հավելել է, որ Թուրքիան մեծ ճնշման տակ է գտնվում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, ինչի կապակցությամբ երկիրը «համերաշխություն է ցուցաբերում դաշինքի հետ»։ «Ռուսաստանը շատ լավ հասկանում է ամեն ինչ»,- ասել է խոսնակը։