Ուկրաինայի պաշտպանության նախարարը նշել է 5 հիմնական սկզբունք, որոնց Կիևը հավատարիմ կմնա կասետային զենք օգտագործելիս

Մանրամասներ

Ուկրաինան ողջունում է պաշտպանության ուժերին «նոր ազատագրական զենք» տրամադրելու՝ ԱՄՆ-ի որոշումը։ Այս կերպ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հուլիսի 8-ին իր թվիթերյան էջում մեկնաբանել է կասետային զինամթերք տրամադրելու՝ Միացյալ Նահանգների որոշումը։

Նրա խոսքով՝ կասետային ռումբերը զգալիորեն կօգնեն զինված ուժերին Ռուսաստանի Դաշնության կողմից վերահսկվող տարածքներն «ապաբռնազավթելու և ուկրաինացի զինվորների կյանքը փրկելու հարցում»։

Նախարարը գրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության անօտարելի իրավունք ու խստորեն հետևելու է միջազգային մարդասիրական կոնվենցիաներին:

Ռեզնիկովը նշել է 5 հիմնական սկզբունք, որոնց Կիևը հավատարիմ կմնա կասետային զենք օգտագործելիս։

«․ Ուկրաինան այդ զինամթերքը կօգտագործի միայն մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների ապաօկուպացման համար։ Դրանք չեն օգտագործվի ՌԴ-ի պաշտոնապես ճանաչված տարածքում:

․ Պաշտպանության ուժերը զերծ կմնան քաղաքներում կասետային զինամթերք օգտագործելուց՝ խաղաղ բնակչության համար վտանգից խուսափելու համար։ Դրանք կկիրառվեն միայն այն հատվածներում, որտեղ օկուպանտները կենտրոնացած են հակառակորդի պաշտպանական գիծը ճեղքելու համար։

․ Ուկրաինան կպահպանի այս տեսակի զենքի կիրառման և այն տեղային գոտիների խիստ հաշվառում, որտեղ այն կկիրառվի։

․ Ազատագրվելուց հետո այս տարածքներն առաջնահերթ կլինեն ականազերծման նպատակների համար: Դա մեզ թույլ կտա վերացնել կասետային զինամթերքի չպայթած տարրերի վտանգը:

․ ՊՆ-ն գործընկերներին կզեկուցի կասետային զինամթերքի օգտագործման ու դրանց արդյունավետության մասին՝ թափանցիկ հաշվետվության և վերահսկողության համապատասխան չափանիշ ապահովելու համար»,- գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը: