Մակրոնի հայտարարությունները «խոչընդոտում են» խաղաղության հաստատմանը. Ադրբեջանի ԱԳՆ

Մանրամասներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը, և որոնք արտացոլում են «միակողմանի աջակցություն» Հայաստանին, անընդունելի են։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Մակրոնի հայտարարությանը, որում Ֆրանսիայի ղեկավարն ասել էր, որ «ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրել և ավելի շատ ճնշում է գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը»։

«Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»,- ասել էր Մակրոնը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երևակայության արգասիքն են։ Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք արդյունք չեն տվել: Նախագահ Մակրոնի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա գործիք է Ֆրանսիայի հայկական լոբբիի ձեռքում...

Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և Ղարաբաղի տարածաշրջանը որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու ֆոնին նախագահ Մակրոնի նման կողմնակալ հայտարարությունները ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը, այլ նաև նպաստում են անջատողականությունը և ահաբեկչությունը խրախուսողների և աջակցողների ապակառուցողական գործունեության հետագա ընդլայնմանը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

Հավելենք, որ Մակրոնը հայ համայնքի հետ հանդիպմանը նաև ասել էր. «Չկասկածեք իմ վճռականության մեջ՝ կապված Արցախի և ընդհանրապես Հայաստանի հետ, ես կշարունակեմ իմ ջանքերը, նույնիսկ եթե միջազգային ընտանիքում գրեթե միակն լինեմ այս օրակարգով։ Դուք նաև գիտեք, որ Ֆրանսիան իր ռազմական կցորդին առաջին անգամ ուղարկել է Հայաստանում իր դեսպանատուն, որը պետք է ինչ-որ բան նշանակի, չէ՞։ Մենք պետք է անենք հնարավորը, առավելագույնը»: