Ապրեք՝ «հինգ». հանձնարարությունները լավ էին կատարել. «Փաստ»

Մանրամասներ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում «ես անմեղ եմ, մնացյալ բոլորն են մեղավոր» «սերիալի» շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հինգ ժամից ավելի խոսեց՝ այս «սերիայում» հարցուպատասխանի ֆորմատով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, քննարկումից հետո Փաշինյանը բավականին ուշ է հեռացել խորհրդարանից (խորհրդարանում խոսում են, որ մինչև դռնփակ նիստի ավարտը քպական պատգամավորները զգաստ նստած են եղել իրենց սենյակներում և սպասել «շեֆին»). դռնփակ նիստից հետո Փաշինյանը խմբակցությունում հանդիպել է իր պատգամավորների հետ ու շնորհակալություն հայտնել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա ասել է, որ տպավորված է հանձնաժողովի անդամ թիմակիցների «կառուցողական» քննարկումից, հատկապես որոշ «չոր» հարցադրումների ոճից, իսկ ավելի ճիշտ՝ հանձնարարությունները ճիշտ կատարելուց։ Ի դեպ, թերթին հայտնի է դարձել, որ դռնփակ հանդիպումը կայացել է զուտ արարողակարգի համար, որպեսզի տեղեկատվական տեսանկարահանում և նիստի արձանագրություն կազմվի, քանի որ նա փաստացի իր թիմակիցների համար «գերգաղտնի» ու նորություն հանդիսացող ոչինչ չի ասել, ավելին՝ ուղիղ եթերում հայտարարած «փակ ռեժիմով» որևէ տեղեկություն հայտնելու պնդումները հիմնականում ինտրիգ ապահովելու նպատակով էր արված։

Խորհրդարանի մեր աղբյուրը նաև հայտնում է, որ բոլոր հարցադրումները, ինչպես և սպասվում էր, նախապես հստակ բաշխված ու պլանավորված են եղել, իսկ Դավիթ Սանասարյանին այս գործընթացում ներգրավելու և այդքան «արտոնյալ» հարցադրումներ անելու հնարավորությունը տրված էր հատուկ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության թեման այս փուլում ևս մեկ անգամ շեշտելու նպատակով՝ կոնկրետ ուղղությամբ մեսիջներ հասցնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում