Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սելավները վնասել են ցանքերը, քշել ընտանի կենդանիներ, ջարդել ավտոմեքենաներ
Ժողովրդական խոսք կա՝ երաշտից սով չի լինի, եկից (երկար շարունակվող անձրևներից) սով կլինի: Արդեն մեկուկես ամիս է, ինչ Տավուշի մարզում գրեթե ամեն օր անձրևներ են տեղում։
Սա խնդիրներ է ստեղծում նաև խոտհունձը ժամանակին կատարելու համար։ Հունիսի 6-ի տեղատարափ անձրևը Նոյեմբերյան համայնքի բնակավայրերում սելավների պատճառ է դարձել, փոքր գետերը վարարել, դուրս էին եկել հունից Սահմանամերձ Դովեղ գյուղում Նոյեմբերյան քաղաքի անտառներից սկիզբ առնող գետակը դուրս գալով հունից՝ բավական տարածք քշել, ջարդել է գյուղի բնակչուհիներից մեկին պատկանող մարդատար ավտոմեքենան։
Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնեցին, որ հունիսի 6-ի հորդ անձրևները և դրանցից առաջացած սելավները մեծ վնասներ են պատճառել Նոյեմբերյան, Կողբ, Դովեղ բնակավայրերի բնակիչների գույքին, ցանքատարածություններին: Սելավը քշվել -տարել է ընտանի կենդանիներ, վնասել առնվազն 4 մարդատար ավտոմեքենա։
Հունիսի 12-ից սկսած՝ համայնքային հանձնաժողովը կհաշվարկի բնական տարերքի պատճառած վնասները, դրանք կներկայացնի Տավուշի մարզպետարան։
Թե վնասների համար պետության կողմից որևէ փոխհատուցում կամ աջակցություն կտրվի, հայտնի չէ»։
0Comments