Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն

Մանրամասներ

Երևանում օգոստոսին նախատեսվում է բացել Արբիտրաժային կենտրոն, որը նպատակ ունի նպաստելու դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արբիտրաժային կենտրոնի շինարարական աշխատանքի ընթացքին ծանոթանալու նպատակով շինհրապակ այցելեցին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ Արբիտրաժային կենտրոնը պետական գրանցում ունի և արդեն իսկ մի քանի խորհրդատվություն տրամադրել է ներդրողներին։

« Ի ուրախություն մեզ, այսօր ունենք իրավաբանորեն գրանցված Արբիտրաժային կենտրոնը, որը հուսով ենք և հավատում ենք, կդառնա տարածաշրջանում առաջատարներից մեկը։

Ողջունելի է, որ միջազգային ստանդարտներին համապատասխան գրանցված կենտրոն է այն իմաստով, որ հիմնադիրը պետությունը չէ, այլ Հայկական բարեգործական ընդհանուր միությունն է, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Օրենսդրության զարգացման կենտրոնը։ Այսօր ականատես ենք լինում նրան, որ դատաիրավական բարեփոխումներով և Կառավարության ծրագրով նախատեսված Արբիտրաժային կենտրոնը միս ու արյուն է ստանում»,- ընդգծեց Մինասյանը։

Նախարարը նշեց, որ Հայաստանում գործող բիզնեսի ներկայացուցիչները կկարողանան իրենց վեճերը վստահել մասնագիտացված կառույցին՝ Արբիտրաժային կենտրոնին, որը նեղ մասնագիտությամբ փորձագետների միջոցով վեճերը կլուծի արդարացի, արագ, որակով և ժամանակակից ստանդարտներին համապատասխան։

« Արբիտրաժային կենտրոնի հնարավորությունները շատ մեծ են լինելու, ունենք մեծ աջակցություն գրեթե բոլոր միջազգային կազմակերպություններից, նաև բյուջեի միջոցներն էլ չեն խնայվում այս ուղղությամբ։ Արբիտրաժային կենտրոնը նպաստելու է դատարանների բեռնաթափմանը, քանի որ նույնիսկ մեկ շաբաթ կյանք ունեցող Կենտրոնը ունի արդեն 1-2 գործարք՝ շինարարական պայմաններում մեր մասնագետները կարողացել են խորհրդատվություն տրամադրել ներդրողներին»,- ասաց Մինասյանը։

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով՝ Եվրամիության կողմից արդարադատության ոլորտի փոփոխություններին աջակցելն անհրաժեշտ է երկրի իրական զարգացման համար։

«Մենք շատ ուրախ ենք, որ արդարադատության ոլորտի բարեփոխումները Կառավարության համար առաջնահերթություն է և այս Արբիտրաժային կենտրոնը ևս մեկ լավ գործիք է վեճերը լուծելու համար։ Կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է, դուք այսպիսի գրասենյակներ կգտնեք ամբողջ Եվրոպայում։ Այնպես որ, մենք շատ սերտ համագործակցում ենք այս ուղղությամբ»,- ընդգծեց Վիկտորինը, հավելելով, որ կենտրոնը կարող է լուծել ինչպես բիզնես ոլորտում վեճերը, այնպես էլ ընտանեկան վեճերը։

Արբիտրաժային կենտրոնի տնօրեն Տաթև Մատինյանի խոսքով՝ կենտրոնի ֆիզիկական բացումը կլինի այս տարվա օգոստոսի կեսերին, որից հետո անմիջապես կսկսեն ակտիվ աշխատանքների փուլը։

«Կենտրոնը ունենալու է այնպիսի պայմաններ, որոնք միջազգային ստանդարտներին համապատասխան են և բոլոր սենյակները կահավորվում են այնպես, որպեսզի հնարավոր լինի թե դեմ առ դեմ նիստեր գումարել, թե նաև հնարավորություն ենք ընձեռնում մեր վստահորդներին, որպեսզի նրանք առցանց կարողանան և փաստաթղթային շրջանառություն կազմակերպել, և նիստերին մասնակցել։

Կենտրոնը միտում ունի լուծում տալ ոչ միայն ներպետական գործերին, այլ նաև դառնալ միջազգային արբիտրաժ և ներգրավել Հայաստան ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ցանկացած միջազգային գործ։

Թեև Կենտրոնի ստեղծմանը աջակցել է պետությունը, սակայն պետությունը ոչ ֆինանսավորում է, ոչ միջամտում է որոշումների կայացմանը։ Կենտրոնը բացարձակ անկախ մարմին է, որի ղեկավարումը իրականացվում է անկախ մասնագիտացված խորհրդի կողմից, իսկ ֆինանսավորումը իրականացվում է ԵՄ-ի համապատասխան ծրագրով»,- եզրափակեց Մատինյանը։