Մոսկվայում ընթանում է Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Մանրամասներ

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նախարարները ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ են անցկացնում:

Բացման խոսքում Լավրովը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում, և որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ուղիղ երկխոսությունը հնարավորություն կտա հասնելու հավելյալ արդյունքների:

Լավրովն առաջարկել է եռակողմ բանակցություններում քննարկել հայ-ադրբեջական կարգավորմանն առնչվող հարցերի ամբողջական փաթեթը, համաձայնեցնել հետագա քայլերը՝ հաշվի առնելով ՌԴ-ի ունեցած հնարավորությունները, որոնք Ռուսաստանը կարող է տրամադրել գործընթացին աջակցելու համար:

«Մեր ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարություններում, ըստ էության, կան կայուն որոշումների հասնելու ճանապարհային քարտեզներ: Վերլուծելով Հարավային Կովկասի շուրջ իրավիճակը՝ գտնում ենք, որ մեր ղեկավարների պայմանավորվածություններն այլընտրանք չունեն: Մենք հետաքրքրված ենք, որ այս տարաշարջանում լինի կայունություն, խաղաղություն»,- ասել է Լավրովը: