Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը ժամանակավորապես օկուպացված տարածքների ազատագրման մի քանի ծրագիր ունի, իսկ ուկրաինացի զինվորականներն արդեն հակահարձակողական գործողություններ են իրականացնում ռազմաճակատի որոշ հատվածներում: Այս մասին նա հայտնել է հեռուստամարաթոնի եթերում։
«Կոռեկտ չէ նեղ խոսել հակահարձակման մասին։ Սա տարբեր գործողությունների եւ միջոցառումների հսկայական համալիր է, որոնք այժմ իրականացնում են զինված ուժերը։ Սա, առաջին հերթին, մարդկանց նախապատրաստում է մի շարք գործողությունների՝ եւ՛ պաշտպանողական, եւ՛ հարձակողական։ Բայց այս ամենը միասին կարելի է անվանել հակահարձակողական գործողությունների միջոցներ»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ հակահարձակմանը նախապատրաստվելու շրջանակներում զորքերը պետք է տեխնիկայի, կենդանի ուժի ռեզերվներ կազմեն, գործողությունների մի քանի տարբերակներ հաշվարկեն։ Նրա խոսքով՝ հրամանատարությունն արդեն հարձակման մի քանի ծրագիր ունի, դրանցից մեկը կընտրեն կարճ ժամանակում եւ այնպես, որ թշնամին չհասցնի պատրաստվել դրան:
Նա նաեւ ընդգծել է, որ Բահմութի պաշտպանությունը, ինչպես նաեւ ռազմաճակատի այլ ուղղություններով մարտերը կարելի է համարել հակահարձակողական գործողություններ:
«Մեր զորքերն այսօր հաջողությամբ կանգնեցնում են թշնամուն այլ ուղղություններով, հարձակումն ընթանում է թշնամու կողմից չորս հիմնական ուղղություններով՝ Բահմութ, Մարյինսկոյե, Ավդեեւսկոյե, Լիմանսկոյե։ Այնտեղ մեր զինված ուժերի ակտիվ գրոհային գործողություններ են իրականացնում, եւ դրանք նույնպես հակահարձակողական գործողություններ են»,-հավելել է Մալյարը։
0Comments