ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ

Մանրամասներ

Մի քանի եվրոպացի արտգործնախարար, Ռուսաստանի հնարավոր միջամտության մտավախությունների աճի ֆոնին, կոչ են արել ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Մոլդովայում և Վրաստանում «ապակայունացման փորձերում» ներգրավված օլիգարխների նկատմամբ:

«Այս երկու երկրները բախվում են ապակայունացման փորձերի, որոնք պահանջում են մեր մեծագույն զգոնությունը։ Արդարացված կլինի, որ մենք սկսենք թիրախավորել այդ փորձերի պատասխանատուներին», – ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան։

Մոլդովան Ուկրաինայի հետ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստացավ անցած հունիսին, մինչդեռ Վրաստանը պետք է նախ մի քանի բարեփոխում իրականացնի, ներառյալ՝ օլիգարխների քաղաքական և տնտեսական ազդեցությունը ճնշելը:

Մոլդովայում որպես ռուսամետ օլիգարխ է դիտարկվում Իլան Շորին, որը մեղադրվում է Մոլդովայի եվրոպամետ կառավարության դեմ բողոքի ակցիաների ֆինանսավորման մեջ։

Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախկին առաջնորդ և հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ԵՄ կողմից նույնպես դիտարկվում է որպես պրոռուսական օլիգարխ։