Լայնածավալ պատերազմի սցենարով Ֆրանսիայում խոշորագույն զորավարժություններ են մեկնարկել

Մանրամասներ

Ֆրանսիայում մեկնարկել են վերջին տարիների ամենախոշոր զորավարժությունները, որոնցով բանակը կմշակի իր մասնակցությունը լայնամասշտաբ պատերազմին։ Այդ մասին գրում է Le Figaro-ն։

«Օրիոն» զորավարժություններն անհրաժեշտ են «բարձր ինտենսիվության պատերազմի» պայմաններում զինված ուժերի տարբեր տեսակի զորքերի փոխգործակցության մշակման համար։ Ժամանակակից ֆրանսիական բանակը պարզապես չունի նման մարտական ​​փորձ։

Պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուի խոսքով՝ ընթացիկ զորավարժությունները դարձել են ամենախոշորը «տասնամյակների ընթացքում»։ Ընդհանուր առմամբ ներգրավված են ցամաքային, ծովային և օդային ուժերի, ինչպես նաև տիեզերական, տեղեկատվական և կիբերանվտանգության ոլորտների շուրջ 20 հազար զինվորականներ։

«Այս զորավարժությունները, որոնք կտևեն ավելի քան 2 ամիս, կոչված են նախապատրաստելու մեր ուժերը ժամանակակից պատերազմի ամենադժվար իրավիճակներին և ցույց տալու, որ մեր զինվորականները ի վիճակի են արձագանքել և տոկունություն ցուցաբերել բարձր ինտենսիվության հակամարտությունների ժամանակ»,- ասել է Լեկորնուն։

Միևնույն ժամանակ, ֆրանսիացի զինվորականները պնդում են, որ իրենք այդ զորավարժությունները մտահղացել են դեռ 2021 թվականին՝ մինչև Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը։

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները փոխել են ենթատեքստը, բայց ոչ զորավարժությունների սցենարը: Բայց այս հակամարտությունն ընդգծում է մեր ընտրած տարբերակների կարևորությունը»,- ասել է ֆրանսիական զորքերի հրամանատար Նիկոլյա Լե Նանը: