Գրիգորի Խաչատուրովը կապ չունի գույքն օտարելու հետ, այն ձեռք է բերել նրա ընկերը, մեղադրանքն անհիմն է․ պաշտպան

Մանրամասներ

Երեկ՝ ժամը 20․10-ի սահմաններում, Գրիգորի Խաչատուրովը որպես մեղադրյալ ձերբակալվել է և ներկայացվել է դատարան, որպեսզի քննարկվի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

«12+12 ռեժիմով է հարցը քննվելու, այսինքն 12 ժամում պետք է միջնորդություն ներկայացվեր, հետո 12 ժամվա ընթացքում որոշում կայացվեր»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ Գրիգորի Խաչատուրովի գործն առնչվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթներից մեկի հետ։

«Ըստ էության նույն գործն է, մեղադրանքը առնչվում է փողերի լվացմանը, բայց ԱԺ-ում ներկայացված դեպքի հանգամանքների հետ առնչություն չունի։ Այնտեղ խոսքը գնում է պաշտոնական դիրքն օգտագործելով պատճառված վնասի մասին, իսկ Խաչատուրովի դեպքում խոսքը գնում է այդ օտարված գույքերից մեկը ձեռք բերելու մասին, ինչը որակվել է որպես փողերի լվացում»,- ասաց Ենոքյանը՝ միաժամանակ նշելով, որ այս գործն ունի վաղեմության ժամկետ։

«Ըստ մեղադրանքի՝ այն 14 տարի ու մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձություն է, տվյալ դեպքում գործի վաղեմության ժամկետը 15 տարի է։ Գույքը ձեռք բերողը Էդգար Արշակյանն է, ով Գրիգորի Խաչատուրովի հետ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում, առնչությունն այսքանով է, բայց ինքը՝ Խաչատուորվը, որևէ առնչություն չունի գույքը ձեռք բերելու հետ, մեղադրանքն անհիմն է»,- ասաց փաստաբանը։

Վերջինս հայտնեց նաև, որ հնարավոր չի եղել Խաչատուրովին փոխանցել իրեն անհրաժեշտ որոշ դեղամիջոցներն ու սնունդ։