Սա տեռոր է եղել. մաղել ենք տարածքը, 7 հեռախոս ու ժամացույցներ ենք գտել. զոհված զինվորների ծնողներ

Մանրամասները՝ տեսանյութում

Մենք զինվոր ենք տվել, հավի ճուտ չէին, սգո օր էլ չեն հայտարարել. Ալեն Սիմոնյանը ճոռոմ-ճոռոմ խոսում է, մի օր ինքը գնացել, տեսե՞լ է, թե էդ զինվորն այդտեղ ոնց է ապրում: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՊՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհից մահացած զինվորներից մեկի հայրը:

Նրա խոսքով, իրենք են երեխաների համար պայմաններ ստեղծել՝ ջուր քաշել, ռեմոնտ արել եւ այլն:

«Ում հրամանով եւ ոնց  է ստացվել, որ պատճառահետեւանքային կապերը չեն պարզել ու չկա ԱԻՆ-ի նկարները: ԱԻՆ-ը պարտավոր էր նկարահանել դեձպքի վայրը, ոչ ոք իրավունք չուներ դիակները հանել առանց նկարահանման: Ում հրամանով է դա եղել, պաշտպանության նախարարի՞, վարչապետի՞: Մենք ծնողներով կատարել ենք մեր հետազոտությունները, մաղել ենք ամբողջ դեպքի վայրը,  7 հեռախոս ենք գտել, ժամացույցներ ենք գտել, այլ իրեր ենք գտել: Հատակը վառված չէ, հրդեհը սկսվել է միջանցքից, ներս ես մտնում, մի փոքր մաս վառված է ու վառված է երեխեքի գլխների հատվածի մասը: Էդ հրդեհը թռնելու հատկություն ունե՞ր: Միջանցքի հատակի ներկն էլ թափած չի»,-ասաց նա:

Զոհված ծնողի հայրը չի հավատում կապիտանի տված ցուցմունքներին. «Իր արյան մեջ եղել է նարկոտիկի պարունակություն, հետո պարզվեց, որ չկա: Էդ կապիտանը իր կյանքով պատասխանատու էր մեր երեխեքի համար, օրվա հերթապահն ինքն է եղել: Եթե ինքը պարկեշտ սպա էր, թող պառկեր բենզինի կանեստրի վրա, դուրս հաներ»:

Զոհված զինվորներից Արտյոմ Գրիգորյանի պապն էլ հավելեց. «Սա եղել է տեռոր՝ վարչապետի ու պաշտպանության նախարարի գլխավորությամբ: Սա քաղաքական չէ: ես պահանջում եմ նախարարությունց, ոնց տարել են մեր երեխին, թող բերեն տան, եթե չէ, ուրեմն  իրենք պետք է մոխրանան: Կամ պաշտպանության նախարարն ինչու հրաժարական չի տալիս, ամոթի զգացում ունի՞, թե՞ չունի: Թող հրաժարական տա, 15 երեխեքը խաղաղ պայմաններում կացարանում վառվե՞ն: Ես երեկ պետք է քեֆ անեի, որ երեխես տուն է գալիս, իսկ հիմա ինքը չկա, ով է տալու դրա պատասխանը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ  պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաև նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։