Իրանի գործողություններն օգնել են կասեցնել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ծրագրած ավելի մեծ հարձակումներն ընդդեմ Հայաստանի. ՀՀ փոխարտգործնախարար

Մանրամասներ

Al Monitor կայքն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավականությանը՝ այս համատեքստում զրուցելով ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ:

«Ադրբեջանն ունի երեք նպատակ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտում, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածության հրահրում և վերջապես ստիպել հայկական կողմին արտատարածքային միջանցք տալ», - ասել է Կոստանյանը:

Ստեղծված իրավիճակում Al Monitor-ն ընդգծում է նաև Իրանի գործոնը՝ գրելով հետևյալը.«Անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում Ադրբեջանը կարող է հավակնել Հայաստանի հարավով՝ Սյունիքով, դեպի Նախիջևան ցամաքային և երկաթուղային միջանցք ստանալուն, ինչի հետևանքով Իրանը կբաժանվի Հայաստանից՝ իր միակ քրիստոնյա հարևանից և դեպի արևմտյան շուկաներ կենսական ելքից: Հայաստանն իր հերթին փաստացիորեն կզրկվի իր ամենաբարեկամական հարևանի՝ Իրանի կողմից հնարավոր ռազմական աջակցությունից»:

Մինչդեռ Վահան Կոստանյանն Իրանի մասով նշել է. «Իրանը կարևոր գործընկեր է։ Իրանի հետ սահմանը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք երկու փակ սահման ունենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, հետևաբար Իրանը և Վրաստանը մեր միակ դարպասներն են դեպի արտաքին աշխարհ... Մենք ունեինք հետախուզական տվյալներ, որ անցած տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, ավելի մեծ հարձակումներ էին նախապատրաստվում Բաքվի կողմից: Սակայն Իրանի գործողություններն ու հայտարարություններն օգնել են կասեցնել այդ իրավիճակի հետագա վատթարացումը»:

Ինչ վերաբերում է Իրանի զենքի գնման հավանականությանը, ապա Կոստանյանն Al-Monitor-ին ասել է, որ այդ հարցն «իրենց օրակարգում չկա»: