Լեռնային Ղարաբաղն անգամ չճանաչված լինելով ունի գործողությունների լայն հարթություն․ Կարեն Բեքարյան

Մանրամասներ

Առաջինն ու ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր հայրենասեր մարդ այս պահին հարց ունի՝ ամեն ինչ որոշված ու սպառվա՞ծ է։ Այդ մասին այսօր «Լույս թունելի վերջում» պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։

Նրա խոսքով՝ անբանի եզրույթ է սա, թե ամեն ինչ արդեն որոշված է, քանի որ այս դեպքում մարդիկ սկսում են ոչինչ չանել՝ ասելով, թե ամեն ինչ արված է։

«Երբ դու չունես պատասխան քո սերունդներին, ասում ես, որ քո փոխարեն արդեն ամեն ինչ որոշել էին։ Բայց այնպես չէ, որ հստակ տեսանելի են բոլոր հնարավոր ելքերը»,- նշեց նա։

Ըստ բանախոսի՝ նման ճգնաժամերի պարագայում կա ֆրոնտալ աշխատանքների դաշտ՝ առանց հայացքը հետ նետելու։ Չպիտի լինի հարց, թե արդյո՞ք հաջողություն կլինի։

«Պետք է լինի հավատ, որ ջրի շիթը քար է ծակում։ Մի փոքր առաջխաղացումը նոր հնարավորություններ կբերի։ Լեռնային Ղարաբաղն անգամ չճանաչված լինելով ունի գործողությունների լայն հարթություն։ Հատկապես, որ ԼՂ ԱԳ նախարարը շրջափակումից դուրս է։ Կկարողանա՞ բանակցել, կախված է նրանից, թե ոնց կօգնենք։ Եթե կարող ենք օգնել, ապա շանսերը կան։ Փորձո՞ւմ ենք, աշխատո՞ւմ ենք այդ ուղղությամբ․ դրա մասին պետք է մտածել»,- շեշտեց Բեքարյանը։