Ուշագրավ փաստեր Մեսի-Մբապե դիմակայության վերաբերյալ. Մունդիալ-2022

Մանրամասներ
ա

Ո՞վ կճանաչվի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ և ռմբարկու։ Վաղը կայանալիք Ֆրանսիա-Արգենտինա եզրափակիչ հանդիպմանն ընդառաջ ֆուտբոլային աշխարհում լավագույնի կոչման երկու գլխավոր թեկնածու է դիտարկվում։ Խոսքը, ըստ Առաջին լրատվականի, ՊՍԺ-ը ներկայացնող Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի և Ֆրանսիայի հավաքականի առանցքային խաղացող Կիլիան Մբապեի մասին է։ Այս ֆուտբոլիստները խփած 5-ական գնդակով գլխավորում են Մունդիալի ռմբարկուների ցուցակը։ Նշենք, սակայն Մեսին այդ 5 գոլերից 3-ը խփել է 11 մետրանոցներից։ Նշենք նաև, որ 6 հանդիպումներում մրցավարները միանգամից չորս 11 մետրանոց են նշանակել հօգուտ Արգենտինայի։

Ի դեպ, բոլոր հարվածներին մոտեցել է Մեսին։ Վերջինս վրիպել է խմբային փուլի 3-րդ տուրի Լեհաստանի դեմ խաղում նշանակված մեղմ ասած կասկածելի 11 մետրանոցից։ Մինչ օրս ֆուտբոլային հասարակությունը խոսում է նաև կիսաեզրափակչում Խորվաթիայի դարպասին նշանակված կասկածելի 11 մետրանոցից, որն իրացնելով Մեսին բեկեց դիմակայության ընթացքը։ Փաստորեն, եթե բոլոր 11 մետրանոցները Մեսին իրացներ, ապա այսօր առաջինը կլիներ ռմբարկուների հաշվարկում։

Նշենք, որ Կիլիան Մբապեն բոլոր գնդակները խփել է խաղային իրավիճակներից։ Ավելին 6 հանդիպումների ընթացքում մրցավարները գեթ մեկ 11 մետրանոց չեն նշանակել Ֆրանսիայի օգտին։ Կհաջողվի՞ Մեսիին այսպես ասած պենալներ խփելով դառնալ լավագույնը Մունդիալում։ «Կարծում եմ պարզ է, որ դժվար եզրափակիչ է լինելու: Լեո Մեսի, արգենտինացիներով լի մարզադաշտ: Բայց մենք թիմ ու մարզիչ ունենք նման խաղերի համար։ Ունենք Կիլիան Մբապեի պես հարձակվող, որը իր ետևից կարող է տանել խաղընկերներին։

Կարող եք վստահել մեզ, մենք պատրաստ կլինենք ու լավ մարզավիճակում կլինենք։ Մեզ շատ լավ հանդիպում է սպասվում։ Արգենտինան բարդ մրցակից է, նրանք հիանալի աշխատանք են կատարել։ Լեոն հիանալի գործեց կիսաեզրափակիչում։ Զգում ենք, որ նա լավ մարզավիճակում է։ Մեզնից է կախված, թե որքան լավ կպատրաստվենք այս հանդիպմանը»,- ասել է Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը։

Ի դեպ, Մեսին երեկ բաց է թողել հավաքականի մարզումը։ Խորվաթիայի դեմ խաղում Մեսին ձախ ոտքի ծնկատակի ջլի հետ կապված խնդիրներ ուներ, բայց խաղից հետո կայացած հարցազրույցի ժամանակ նշել էր, որ ամեն ինչ կարգին է։ Առայժմ Արգենտինայի առաջատարի առողջական վիճակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, բայց ակնկալվում է, որ նա կմասնակցի մրցաշարի վճռական խաղին։ Հիշեցնենք, որ Մեսին ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆրանսիայի դեմ հանդիպումը իր համար վերջինն է լինելու աշխարհի առաջնություններում։

«Մեսիի հետ նույն թիմում խաղալն ինձ ավելի ուժեղ դարձրեց: Երբ Լեոն խնդրեց սելֆի անել իր հետ, դա ինձ համար մեծ հպարտություն էր։ Այդ լուսանկարն այժմ իմ տանն է։ Մեսին երկիրը ներկայացնում է որպես հերոս։ Մարդիկ ավելի շատ են հարգում Մեսիին, քան մեր պետության նախագահին. Մարդիկ 24 ժամ տանը կմնային, եթե Մեսին խնդրեր։ Լեոն լավ տղա է, հոյակապ մարդ: Նա մեծամիտ ու եսասեր չէ։ Աշխարհում բոլորը նրան ճանաչում են»,- ասել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։

Ի տարբերութուն Մեսիի՝ Մբապեն արդեն փայլել է աշխարհի առաջնության եզրափակչում։ 19 տարեկան հասակում Մբապեն նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը եզրափակիչ մրցավեճում դարձել էր գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ Մբապեն 2018 թվականի աշխարհի առաջնությունում խփելով 4 գնդակ դարձել էր մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Ֆրանսիանյում սպասում են, որ իրենց թիմի առաջատարն այս անգամ կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Կարծում ենք պարզ է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ընտրության հարցում վճռորոշ է լինելու վաղը կայանալիք եզրափակիչ հանդիպումը։