ՀՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու են նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքին

Մանրամասներ

1

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դիմադրության շարժումը նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կանցկացնի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա ասել է, որ նոյեմբերի 5-ի հանրահավաքը լինելու է միասնության հանրահավաք. լինելու է ոչ թե որեւէ անձի, կուսակցության, այլ Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության եւ անվտանգության շուրջ: «Դա հայ ժողովրդի հանրահավաքն է, հետեւաբար, ՀՀ քաղաքացին, մասնակցելով այդ կարեւոր իրադարձությանը, պետք է արձանագրի, որ տեր է իր հայրենիքին, եւ այդ հայրենիքը սակարկման ենթակա չէ»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանի գրառումն իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ արձագանքների էր արժանացել: Ուշադիր օգտատերերը պարզել էին, որ ծաղրական «սմայլիկներ» դնողներից 1300-ը վիետնամցի են: Այդ գրառմամբ Սաղաթելյանն անդրադարձել էր նախօրեին  Ստեփանակերտում կայացած բազմամարդ հանրահավաքին եւ տեղեկացրել, որ նոյեմբերի 5-ին Երեւանում էլ է հանրահավաք տեղի ունենալու․ արձագանքել էր ֆեյսբուքյան մոտ 3 հազար 300 օգտատեր: Սաղաթելյանի գրառումը հավանել է մոտ 1600 հայ օգտատեր, իսկ ծաղրող` «հա-հա» արձագանք է տվել մոտ 1300-ը, որոնցից մի քանիսի էջերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ օգտահաշիվները բացված են այլազգիների տվյալներով` հիմնականում Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայից` վիետնամցիներ, հնդիկներ, պակիստանցիներ, ճապոնացիներ, հարավկորեացիներ եւ «մի կին ատամնատեխնիկ Բրունեյից»: Սաղաթելյանի գրառմանը ջղային, «զզվող» արձագանք էր տվել 1 օգտատեր, ով ՔՊ-ական Նաիրի Սարգսյանի ֆեյսբուքյան ընկերն է:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է կազմակերպվելու հանրահավաքը, ովքեր են մասնակցելու, եւ ինչ ակնկալիքներ ունեն հանրահավաքից դրա կազմակերպիչները: Գաղտնիք չէ, որ հայրենի ընդդիմության տարբեր թեւերի միջեւ ակնհայտ տարաձայնություններ կան: Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի միջեւ պարբերաբար «փոխհրաձգություններ» են տեղի ունենում` մեղադրանքներով ուղեկցվող: Մենք «Հայրենիք»  եւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություններից փորձեցինք տեղեկանալ, թե նրանք մասնակցելո՞ւ են նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ե՛ւ խմբակցությունը, ե՛ւ ՀՀԿ-ականներն անպայման մասնակցելու են Դիմադրության շարժման ակցիային: «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը եւս նշեց, որ կուսակցությունը մասնակցելու է հանրահավաքին, քանի որ դա Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությունը պահելու հանրահավաք է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։