Արցախը պաշտպանելու միսիան դրված է Հայաստանի վրա

Մանրամասներ

1

Թեև այսօր Ռուսաստանի խաղաղապահ ուժերն են պահում Արցախի անվտանգությունը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանն իր միսիան ավարտել է Արցախում։ Ստեփանակերտում լրագրողներին ասել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը․

«Մեզ անհրաժեշտ է եւ Ռուսաստանի օգնությունը այս հարցում, և առաջին հերթին Հայաստանի օգնությունը, որովհետեւ ՌԴ-ն ինչքան էլ շահագրգռած լինի ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, ունի իր շահերը, իր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և որոշ հարցերում մենք տեսնում ենք վերապահումներ, բայց ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի։ Մինչև հիմա ինձ համար պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Ղուկասյանը։

ԱՀ նախկին նախագահը համոզված է՝ այն ժողովուրդը, որը պատրաստ է պայքարել մինչև վերջ, նրան հնարավոր չէ հաղթել․

«Այստեղ կան, իհարկե, դժվարություններ, որովհետեւ մենք չենք տեսնում հստակ դիրքորոշում Հայաստանի կողմից: Ակնհայտ է, որ Արցախը միայնակ չի կարող պայքարել ամբողջ աշխարհի դեմ և մենք ակնկալում ենք Հայաստանի, Սփյուռքի եւ մեր բարեկամ երկրների աջակցությունը մեր պայքարում»,- ասել է նա:

Անդրադառնալով Փաշինյանի այն  հայտարարությանը, որ պատրաստ է Սոչիում խաղաղապահների տեղակայմանը ժամկետը երկարացնելու մասին փաստաթուղթ ստորագրել, Ղուկասյանն ասաց, որ  մինչ այդ ուրիշ մտքեր են հնչել և դա հաշվի առնելով, ինքը համոզված է, որ հստակ դիրքորոշում պետք է հնչի․

«Խոսքերն այս վերջին ժամանակահատվածում գրեթե արժեք չունեն, որովհետեւ խոսքերն ու մտքերը փոխվում են և մենք շատ հակասական հայտարարություններ ենք լսում, ինչը մտահոգիչ է: Այսօր Արցախը զրկված է պաշտպանել իրեն, այդ առաքելությունը դրված է Հայաստանի վրա և ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանը այդ միսիան կիրականացնի»,-նշել է Ղուկասյանը: