Առջևում Սոչիում Պուտինի «մենամարտն» է Ալիևի և Փաշինյանի հետ. Ստանիսլավ Տարասով

Մանրամասներ

1

Ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը Regnum գործակալությունում հրապարակել է «Սոչիում Պուտինը «կմենամարտի» Ալիևի և Փաշինյանի հետ» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.

«Ներկայում ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի նախաձեռնությամբ առցանց կայացել է կազմակերպության խորհրդի արտահերթ նիստը։ Այն ամբողջությամբ նվիրված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրներին, ավելի ճիշտ՝ երկու հակամարտող երկրների սահմանին առաջացած բարդություններից (նկատի ունի ադրբեջանական ուժերի ռազմական սադրանքը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ-Խմբ.) հետո 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքների քննարկմանը։ Մոսկվային հաջողվեց արգելափակել այս միջադեպի հետագա զարգացումը, որը շատ առումներով դեռ առեղծվածային է թվում։

Եվ ահա թե ինչու։ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման գծում, ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, նախկինում եղել են խոշոր բախումներ՝ ընդհուպ մինչև հրետանային գնդակոծություն։ Բայց այս անգամ ամեն ինչ ավելի լայն մասշտաբներ ստացավ, և ռազմական գործողությունների թատերաբեմը Լեռնային Ղարաբաղի տարածքը չէր։ Բախումները տեղի են ունեցել Բաքվի և Երևանի ակտիվ դիվանագիտական ջանքերի ֆոնին, որոնք ձեռնարկում են բանակցային միանգամից երկու հարթակներում՝ Մոսկվայում և Բրյուսելում։

Ավելին, ավելի վաղ երկու երկրների ղեկավարները դրական առումով ուրվագծել էին ԵՄ միջնորդական ջանքերով կարգավորման հեռանկարները. ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների՝ նախատեսվում է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Բայց փաստորեն, պարզվում է, որ այս դիվանագիտական գործընթացում ինչ-որ բան դուր չի եկել կողմերից մեկին, գուցե երկու կողմերին, և նրանք սկսել են իրավիճակը տեղափոխել ռազմական առճակատման գոտի։

Գրեթե անմիջապես Հայաստանի ղեկավարությունը դիմեց ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածը կիրառելու պահանջով, ըստ որի՝ ագրեսիայի ակտը մասնակից երկրներից մեկի դեմ պետք է համարվի որպես ագրեսիա ամբողջ դաշինքի դեմ։ Բայց դաշնակիցները որոշեցին ձեռնպահ մնալ տեղի ունեցողի քաղաքական գնահատականից և որոշեցին նախ դիտորդներ ուղարկել հակամարտության գոտի։ Ֆորմալ կերպով ասվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը սահմանազատված ր սահմանագծված չէ, թեև Երևանը կարծում է, որ պետությունների միջև սահմանն անցնում է այն կոորդինատներով, որոնք ամրագրված էին երկու երկրների միջև 1991թ. համաձայնագրում:

Բայց այդ դեպքում առաջանում է հակահարց՝ ինչո՞ւ երկու երկրների ջանքերով, Ռուսաստանի միջնորդությամբ, փոխվարչապետների մակարդակով ընդհանրապես ստեղծվեց սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, եթե ամեն ինչ արդեն պարզ է։  Մինչդեռ Հայաստանում հայտնվեց միանգամից երկու արևմտյան առաքելություն՝ այսպես կոչված քաղաքացիականը ԵՄ-ից, ապա ԵԱՀԿ-ից՝ երկու երկրների սահմանին տիրող իրավիճակին հետևելու համար։

Ինչի՞ համար: Ի վերջո, նաև ՀԱՊԿ-ից դիտորդների տեսականորեն սպասվող հայտնվելը Հայաստանում իրավիճակը վերածում է Ռուսաստան-Արևմուտք գծով տարածաշրջանում առճակատման գոտու։ Եվ ոչ միայն սա: ՀԱՊԿ-ի հայտնվելը Հայաստանում առանց Բաքվի համաձայնության Ռուսաստանին դնում է Երևանի կողմում և հանգեցնում հակամարտությունում Մոսկվայի չեզոքության կորստի։ Պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում, որոշեց հիշեցնել, թե ինչպես է Ռուսաստանը ժամանակին Հայաստանին առաջարկել լուծել Ղարաբաղի հարցը Ադրբեջանին փոխանցելով հինգ շրջաններ, որտեղից «մարդիկ հեռացել են», բայց Երևանը, ըստ նրա, «գնացել է իր ճանապարհով, ինչը հանգեցրել է այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»։ Նա այսօր էլ շարունակում է գնալ այս ճանապարհով՝ նորից մտցնելով ինտրիգը։

Փաշինյանը հայտարարեց, որ «Երևանը համաձայն է աշխատել Ռուսաստանի առաջարկած սկզբունքներով կարգավորման վրա». բայց որո՞նք են այդ սկզբունքները: Մոսկվան ձգտում է լուծել Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, սակայն մտադիր չէ որևէ բան պարտադրել հակամարտող կողմերին, որոնք իրենք պետք է որոշեն իրենց հիմնական դիրքորոշումները։

Մյուս կողմից, Փաշինյանը փորձում է Ռուսաստանի թիկունքում թաքնվել Հայաստանում, հնարավոր է, դժվար և ոչ ցանկալի որոշումներ կայացնելիս։ Ի դեպ, հայկական մամուլում տեղեկություններ են հայտնվել Արցախյան հիմնախնդրի լուծման երկու տարբերակի առկայության մասին՝ ամերիկյան, որը ենթադրում է Ստեփանակերտի պահպանում Ադրբեջանի կազմում, և ռուսական, որն առաջարկում է այս խնդրի լուծումը հետաձգել «մինչև ավելի լավ ժամանակներ»:

Բայց, ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև «վաշինգտոնյան» հաշտության պայմանագրի նախագիծ չկա։ Ռուսական ծրագիր էլ չկա, կան միայն ՌԴ-ի առաջարկները, որոնց բովանդակությունը դեռ չի հրապարակվում։

Բայց, ըստ Երևանի պաշտոնական հաղորդագրության, «կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը հանձնվել է հայկական կողմին, որի հիման վրա Հայաստանն աշխատել է այս ընթացքում», և իբր «այդ փաստաթղթի վրա աշխատանքն արդեն ավարտված է»։ Հիմքեր կան ենթադրելու, որ կոնկրետ այս փաստաթուղթը կքննարկվի հոկտեմբերի 31-ին Սոչիում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի առաջիկա հանդիպման ժամանակ։ Մի խոսքով, ամեն ինչ դինամիկայի մեջ է։ 

Հանդիպմանը ՀԱՊԿ ղեկավարները ձեռնպահ մնացին իրավիճակի քաղաքական գնահատականից և չընդունեցին Փաշինյանի՝ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու «ճանապարհային քարտեզ» մշակելու առաջարկը։ Նրանք հաստատեցին, որ հավատարիմ են մնում խաղաղության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, հավաքականորեն պաշտպանելով ՀԱՊԿ անդամ երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, համոզմունք հայտնեցին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակասությունները և վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով, դիվանագիտական միջոցներով, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածություններին համապատասխան։

Նշվեց նաև, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստի արդյունքներով կվերադառնա նոյեմբերի վերջին իրավիճակի քննարկմանը։

Բայց առջևում Սոչիում Պուտինի «մենամարտն» է Ալիևի և Փաշինյանի հետ»։