Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, այնուհետեւ ողջ Ռուսաստանը

Մանրամասներ

1

«Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, այնուհետեւ ողջ Ռուսաստանը», 2021-ի մարտին հայտարարել էր Սերգեյ Կուրղինյանը: Ճիշտ է, դա էլ արդեն կարծես թե չի օգնում Ռուսաստանին, եւ մեջտեղ մնում է ռուսների «վատությունը»։

Ռուսաստանի հայկական ազգանուններով գործիչները եւ Հայաստանի ուղղությամբ Կրեմլի քաղաքական մշակումներին մասնակից «հայամետ» գործիչները նրա համար են, որպեսզի հայերին մատչելի բացատրեն հայ-ռուսական դաշնակցային եւ եղբայրական հարաբերությունների էությունը: Մի բան է, երբ դաշնակցային եւ եղբայրական հարաբերությունների մասին «հայամետ» գործիչներն են խոսում, մեկ այլ բան, երբ օրինակ իր ծանր խումհարների արանքներում՝ Մարիա Զախարովան, որի հայտարարություններն ի վերջո վերածվում են սպառնալիքների։

«Հայամետ» գործիչների դերը շատ կարեւոր է, քանի որ հայկական քաղաքական դասի գերակշիռ մասի ռուսահպատակությունը հաճախ ավելորդ խնդիրներ է ստեղծում Կրեմլի համար: Օրինակ, ռուսահպատակ շրջանակները 2020-ի նոյեմբերի 9-ից հետո այնքան էին խճճվել Հայաստանի դեմ պատերազմ 2020-ին Ռուսաստանին արդարացնելու հարցում, որ Կրեմլը հայտնվել էր հիմարի դերում, եւ հայ ժողովրդի բարեկամ, ՌԴ պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովի նախագահ, Լազարեւսկի կոմիտեի համակարգող Կոնստանտին Զատուլինը ստիպված էր հայտարարել, որ պատերազմը նախաձեռնել եւ իրականացրել է Ռուսաստանը:

Կոնստանտին Ֆյոդորովիչը, ինչպես ասում են, գլխից էր բռնել։ Նա հայերի ռուսասիրության պահապան հրեշտակն էր այս ողջ ընթացքում, ով կարողանում էր հակառակ կողմից մոտենալով, Ռուսաստանի հանդեպ հնարավոր ցասումը վերածել հուզիչ ներողամտության ու լուսավոր թախիծի, մի բան, որ չեն կարողանում անել ռուսահպատակ շրջանակները։ Օրինակ, որ ՌԴ ներկայիս իշխանությունը պատասխանատվություն չի կրում 1921-ի Լենին-Աթաթյուրք պակտի համար։ Շատ խորը միտք՝ եւ չի արդարացնում Ռուսաստանի 1921-ին արածը, եւ քողարկում է այն հանգամանքը, որ Հայաստանի դեմ ներկայիս արշավի պատճառը 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի իրավական առավելագույն ժամկետի սպառումն էր։

Եվ ահա, այսօր հայտնի դարձավ, որ նրա մուտքը Հայաստան արգելվել է։ Բայց զարգացած հաղորդակցությունների այս դարում դա չի խանգարի Կոնստանտին Ֆյոդորովիչին պատվով կատարել իր հայամետ գործունեությունը։

Կրկնենք, դա շատ կարեւոր է, քանի որ հայ քաղաքական դասի ռուսահպատակ մասի մանկամտությունը հաճախ խնդիրներ է առաջացնում Կրեմլում, եւ կարիք կա նրան քիչ թե շատ պատճառաբանված փաստարկներ, արտահոսքեր ու քիչ թե շատ քաղաքական մտակաղապարներ մատուցելու, որպեսզի ՌԴ իշխանությունը նվազագույնը հիմարի կերպարում չհայտնվի, եւ պահպանվի ռուսասիրությունը։ Այդ խնդիրն է փորձում լուծել նաեւ մեկ այլ հայամետ ականավոր փորձագետ Ստանիսլավ Տարասովը, ով ստիպված է անընդհատ հիշեցնել, որ Մոսկվան ու Բաքուն նույն դիրքերից են հանդես գալիս ընդդեմ Հայաստանի, Բաքվին ձեռնտու է հենց ռուսական կարգավորման տարբերակը եւ այլն։ Եվ, օ սարսափ, որ Էնվեր Փաշան եղել է ռուսական բանակի Գլխավոր շտաբի գործակալ։ Հայերի ցեղասպանությունն է՞լ է Ռուսաստանը կազմակերպել, նրա այդ հայտարարությունից հետո տարակուսել էր ռուսանպաստ մի ողջ հանրույթ։

Սկզբնաղբյուր