Վանաձորում բնակիչը ջրի խողովակից գորտ է հանել

Մանրամասներ
ա

Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի բնակչուհի Անահիտ Անդրեասյանը ««Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խմբում հրապարակում էր արել այն մասին, որ իրենց տան ջրի խողովակից խցանված գորտ են հանել։ 

«Հետքի» հետ զրույցում բնակիչը պատմեց, որ մի քանի օր շարունակ սանհանգույցում ջուր չունեին, կարծել են, թե հարևանը նորոգման աշխատանքներ է կատարում, այդ պատճառով էլ ջուր չկա։

«Ամուսինս հարցրել էր հարևանին, թե չեք ավարտե՞լ աշխատանքները, ասել էին՝ ինչի նո՞ր ենք վերջացրել։ Մտածեցինք՝ ուրեմն խնդիրը մեր տնից է, որովհետև բոլոր հարկերում ջուր կար, մեր տանը՝ չկար։ Ամուսինս ընդհանուր ջուրը փակեց, խողովակները քանդեց ու մեջին էդ սատկած, կիսանեխած գորտն էր։ Զանգեց ինձ, ասեց՝ վախենում եմ մի բան ասեմ, տուն չգաս»,-պատմում է Անահիտը։

Դեպքի մասին նրանք ահազանգել են ջրմուղ, տեսուչը եկել է, նայել ու խոստացել ներկայացնել տնօրինությանը։

«Մեր շենքում երկու ջրագիծ կա, մեկը խոհանոցում է, մյուսը՝ լոգարանում։ Ճիշտ է, էդտեղից ջուր չենք խմում, բայց ի՞նչ կապ ունի, ատամ ենք լվանում, լվացվում ենք։ Ամբողջ խողովակաշարը քանդեցինք, ախտահանող նյութերով մաքրեցինք»,-ասում է բնակչուհին։

Անահիտ Անդրեասյանի խոսքով՝ նման դեպքեր էլի են եղել բնակիչների հետ։ Ինքը նաև Լոռու մարզպետարանին է դիմել, պատասխանել են, որ իրենք կապ չունեն, պետք է դիմել «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Բնակիչն ասում է, որ այս ամիս նորմալ ջուր գրեթե չեն ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։