Պետք է չեզոքացնել թշնամական պետությունների նախաձեռնած «Զանգեզուրի միջանցք» ասվածի՝ լուրջ վտանգներով ծրագիրը

Մանրամասներ

1

Կապանում Իրանի հյուպատոսարան բացելը լուրջ քայլ է երկու պետությունների դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի թշնամական մոտեցումը Սյունիքի մարզի նկատմամբ՝ կամրապնդվի նաև մարզի քաղաքական դիրքը, կարծում է իրանագետ Գարիկ Միսակյանը՝ անդրադառնալով Կապանում այսօր բացված Իրանի հյուպատոսարանի փաստին:

Ըստ նրա՝ հյուպատոսարանի բացմամբ Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է Սյունիքի մարզի կարևորությունն իր համար:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը՝ Միսակյանը նշում է՝ արցախյան հետպատերազմական փուլում բազմաթիվ փոխայցելություններ եղան, հայտարարություններ, որ պետք է երկու երկրների հարաբերությունները զարգացվեն, սակայն որոշակի առումով դանդաղում է եղել այդ գործընթացում: Վերջինս շեշտում է՝ հատկապես ներկա փուլում Հայաստանը պետք է մեծ ուշադրություն դարձնի Իրանի հետ համագործակցելուն, քանի որ մենք չունենք բարի-դրացիական հարաբերություններ այլ հարևանների հետ:

«Զանգեզուրի միջանցքի» գաղափարն ուժի գործադրմամբ իրագործելու և դրանում Իրանի ներգրավվածության մասին խոսելիս էլ իրանագետն ասում է՝ երեկ էլ է Իրանի ԱԳ նախարարը Երևանում հաստատել, որ ամեն կերպ Իրանը խոչընդոտելու է սահմանների փոփոխության ծրագրերին:

«Իրանի ռազմական ղեկավարությունը նույնպես բավական կոշտ հայտարարություններով է հանդես եկել, Իրանի հոգևոր առաջնորդը ևս նշել է, որ հայկական պատմական սահմանն Իրանի հետ չպետք է խախտվի: Դատելով նման հայտարարություններից՝ հասկանում ենք, որ Իրանը բավականին լուրջ է տրամադրված: Բաքվում էլ հստակ հասկանում են՝ Իրանի սահմանի հետ կապված ցանկացած գործողություն հանգեցնելու է համապատասխան պատասխանի: Այդ պատճառով Ադրբեջանն ագրեսիան իրագործում է Սյունիքի հյուսիսային հատվածներում, Վարդենիսում և Ջերմուկում, որոնք հեռու են Իրանի հետ սահմանից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Միսակյանի խոսքով՝ խնդիրը պետք է լուծել և չեզոքացնել դիվանագիտական ճանապարհով. «Պետք է չեզոքացնել «Զանգեզուրի միջանցք» ասվածի ծրագիրը, որը լուրջ վտանգներ է ներկայացնում: Բանակցելու գործընթացն այդ ծրագրի շուրջ նախաձեռնել են նախ թշնամական պետությունները: Հայկական կողմը շեշտել է մի քանի անգամ, որ միջանցքի մասին ոչինչ չի բանակցում, դա հայտարարվել է պետական ամենաբարձր մակարդակներով: Հուսով եմ՝ հայկական կողմը մինչև վերջ կմնա իր կարծիքին, քանի որ ռազմական սցենարի դեպքում մենք չենք կարող լիովին հույս ունենալ, որ հարևան պետությունը մեզ կօգնի»:

Դիտարկմանը՝ երեկ Երևանում ճեպազրույցի ժամանակ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահն Իրանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ հստակորեն նշել է, որ աշխարհագրական և սահմանային որևէ փոփոխություն տարածաշրջանում չեն հետապնդում, չեն ցանկանում իրականացնել, սակայն այլ հայտարարություններում ու ելույթներում Ալիևը միշտ խոսում է միջանցքի մասին, զրուցակիցը նկատում է՝ Իրանի ստեղծած «թակարդն» է:

«Եթե անգամ Ալիևը նման հայտարարություն չի արել, հիմա Ադրբեջանը չի կարող դա հերքել, եթե ասվել է, ապա Ադրբեջանի կողմից սա դիվանագիտական քայլ է, քանի որ նրանք Իրանին չեն կարող հայտնել, թե վերջինիս սահմանի նկատմամբ որևէ գործողություն են անելու: Այլ բան է, որ Իրանի հետ բանակցություններում Ադրբեջանը մի բան է հայտարարում, մեզ հետ բանակցություններում՝ մեկ այլ, որով փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա»,-կարծում է իրանագետը:

Վերջինս, անդրադառնալով Ադրբեջանի սահմանի երկայնքով Իրանի անցկացրած զորավարժություններին, ասում է՝ զորավարժությունների մեսիջն ուղղված է Ադրբեջանին:

«Բոլոր հայտարարությունները, որոնք եղան այդ զորավարժությունների ընթացքում, նույնպես ուղղված էին Ադրբեջանին: Նրանք հստակ հասկացնում են՝ Իրանն իր սահմանների մոտ տեղի ունեցած ցանկացած գործողության պատասխանելու է ռազմական տեսանկյունից: Արաքս գետի վրա կառուցվող կամուրջները, հարձակվողական բնույթի վարժություններն էլ ուղերձներ էին կրկին Ադրբեջանի համար, որը «Զանգեզուրի միջանցքին» էլ է վերաբերում»,- նկատում է նա:

Սկզբնաղբյուր