Հայաստանի անշարժ գույքի շուկան մինչև 2026 թվականն ավելի քան 1 մլրդ դոլարի կհասնի. Զեկույց

Մանրամասներ
ա

Մինչեւ 2026 թվականը Հայաստանի անշարժ գույքի շուկայի ծավալը կհասնի ավելի քան 1 մլրդ դոլարի՝ միջինը աճելով 4,3 տոկոսով։ Այս մասին ասված է «Հայաստանի գույքի շուկան սեփականության եւ բիզնեսի կտրվածքով. հնարավորությունների գլոբալ վերլուծություն եւ ոլորտային կանխատեսում, 2019-2026 թթ․» անվանումով Allied Market Research զեկույցում:

Նշվում է, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայի ծավալը 2018 թվականին գնահատվել է 880,4 մլն դոլար, եւ կանխատեսումների համաձայն՝ 2026 թվականին այն կհասնի 1249,3 մլն դոլարի՝ միջինը աճելով 4,3 տոկոսով։

2018 թվականին վաճառքի հատվածին բաժին է ընկել Հայաստանի անշարժ գույքի շուկայի մասնաբաժնի կեսից ավելին, եւ ակնկալվում է, որ կանխատեսվող ժամանակահատվածում աճի միջին տարեկան տեմպը կկազմի 4 տոկոս:

Հայաստանի տնտեսության աճը եւ տնտեսության դիվերսիֆիկացման նկատմամբ կառավարության մեծ ուշադրությունը նպաստում են Հայաստանում անշարժ գույքի շուկայի աճին։ Բացի այդ, երկրում մատչելի հիփոթեքային տոկոսադրույքների առկայությունը ընտանիքներին օգնում է բնակարան ձեռք բերել: Սակայն աղքատության եւ գործազրկության բարձր մակարդակը սահմանափակում են Հայաստանի անշարժ գույքի շուկայի աճը։

Հայաստանում աճել է տարատեսակ անշարժ գույքի պահանջարկը, այդ թվում՝ բնակելի եւ արդյունաբերական։ Բնակելի հատվածի առավել մեծ մասնաբաժինը կապված է տների գնորդների թվի աճի հետ՝ պայմանավորված պետական տարբեր ծրագրերով, որոնք բնակարանները մատչելի են դարձրել: Բացի այդ, Հայաստանում ավելանում է արտադրական հզորությունների քանակը, ինչն էլ ավելի է մեծացնում արդյունաբերական անշարժ գույքի պահանջարկը։

Ավելին, կոմերցիոն ոլորտի զարգացումը եւ տնտեսության դիվերսիֆիկացիայի հանդեպ կառավարության ուղղվածությունը էլ ավելի կնպաստեն Հայաստանի անշարժ գույքի շուկայի աճին։ Սակայն աղքատության եւ գործազրկության բարձր մակարդակը զսպում է շուկայի աճը:

Հայաստանում անշարժ գույքի հետ կապված գործարքների աճ է դիտարկվում։ Նաեւ Հայաստանում կա օրենք, որով հիփոթեքային վարկ վճարող ռեզիդենտներին եկամտահարկը վերադարձվում է։ Բացի այդ, Հայաստանում հիփոթեքային տոկոսադրույքները ամենացածրերից են։ Սակայն Ռուսաստանի տնտեսությունից Հայաստանի տնտեսության մեծ կախվածությունը զսպում է շուկայի աճը։ Օրինակ՝ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցները եւ նավթի գների անկումն ազդել են ռուսական տնտեսության վրա, ինչից Հայաստանը տուժել է։

Սպասվում է, որ կախված սեփականության տեսակից, կանխատեսվող ժամանակահատվածում հողային հատվածին բաժին կընկնի Հայաստանի անշարժ գույքի ոլորտի ամենամեծ մասնաբաժինը՝ հողի հետ կապված գործարքների մեծ ծավալի եւ դրա ավելի բարձր արժեքի պատճառոով: Ակնկալվում է, որ հողային հատվածը կանխատեսվող ժամանակահատվածում կաճի միջինը 3,7 տոկոսով:

Կախված բիզնեսի տեսակից՝ վաճառքը կզբաղեցնի շուկայի առավելագույն մասնաբաժինը, իսկ վարձակալության հատվածը, ինչպես սպասվում է, կանխատեսվող ժամանակահատվածում կաճի ավելի բարձր միջին տարեկան տեմպով` 4,9 տոկոսով: