Մենք գործ ունենք Մեխի Գլխի հետ․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում այսօր հրապարակված հոդվածի մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում այսօր հրապարակված հոդվածի մասին, որտեղ նշված է, թե ինչ է Ադրբեջանը պահանջում Հայաստանից։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է ոմն Հավաստի Աղբյուրի (հեղինակը հենց այդպես է ստորագրել հոդվածը) տեղեկություններն այն մասին թե որոնք են Ադրբեջանի պայմանները Հայաստանի հետ խաղաղությունը կնքելու համար.
«1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3. Միջանցք Հայաստանի տարածքով:
4. Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:»
Իհարկե, մեր հանրության բավականի ստվար զագվածը շատ լավ հասկանում է, թե ո՜վ է այդ Հավաստի Աղբյուրը։ Մենք նաեւ գիտենք, որ հենց Հավաստի Աղբյուրի տիտանական ջանքերի շնորհիվ ենք հայտնվել այս վիճակում, երբ Ադրբեջանը համարձակվում է մեր առաջ նման պահանջներ դնել։

Քանի որ սույն Հավաստի Աղբյուրը նաեւ հատուկ շեշտում է, որ պահանջները դասավորել է ըստ նրանց մերժման դեպքում՝ պատերազմի վերսկսման վտանգի մեծության, կարելի է ենթադրել, որ նա հանրային հող է նախապատրաստում իր նշած ցուցակում «ամենապատերազմավտանգ» պահանջները բավարարելու համար։

Ամեն դեպքում, այն հանգամանքը, որ Հավաստի Աղբյուրը նման «կրեատիվ» ճանապարհ է ընտրել Հայաստանի համար ճակատագրական, իսկ ավելի ճիշտ՝ էքզիստենցիալ քաղաքական որոշումների քննարկման համար, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանն արդեն իրեն իրավունք է վերապահում սահմանագծման համար առաջ քաշել (իսկ Հավաստի Աղբյուրը՝ հնչեցնել) 1919, 1920 թվականների քարտեզներ, որոնցում բնականաբար Զանգեզուրը նշում են Ադրբեջանի կազմում, ահա՝ այդ հանգամանքները հուշում են, որ մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ՝ Մեխի Գլխի։

Ի դեպ, նորից որեւէ մանրամասներ չեն բացվում միջանցքի պահանջի վերաբերյալ, ինչպես նաեւ այլ հարցերում էական նյուանսների մասին, այնպես որ մեզ բանակցությունների մասին տեղեկացնելու այս «հրապարակային» փորձը ուղղված է բացառապես PR նպատակների իրագործմանը։