Մենք մի քանի անգամ առաջարկել ենք հայելային հետքաշում. ՀՀ ԱԳ փոխնախարարը դիվանագետներին է ներկայացրել իրավիճակը

Մանրամասներ
ա

Հայաստանն Ադրբեջանին մի քանի անգամ արդեն առաջարկել է զորքերի հայելային հետքաշում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:

«Մենք մի քանի անգամ առաջարկել ենք հայելային հետքաշում: Սրա վերաբերյալ տեղեկացրել ենք նաև մեր գործընկերներին»,-ասաց ԱԳ փոխնախարարը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով հարցերին, նշեց, որ, երբ զորքերը նման հեռավորության վրա են գտնվում միմյանցից, դա  լրացուցիչ առիթ կարող է հանդիսանալ՝ թեկուզ տեղային բախումների, հատկապես, երբ հակառակորդի կողմից հաճախ հրահրվում են նման բախումներ:

 «Նաև դրանից ելնելով է, որ հայաստանյան ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս զորքերի հայելային հետքաշման առաջարկով, որպեսզի տեղային սուբյեկտիվ դրսևորումներից հնարավորինս զերծ մնանք»,-ասաց Սանոսյանը:

Հայաստանում հավատարմագրված դեսպանները, դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին այցելել էին Գեղարքունիքի մարզի՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած մի քանի բնակավայրեր: