«Սուրմալու» կենտրոնի վնասված շինության փլուզման հետևանքով տուժել է երեք մարդ. նրանք հոսպիտալացվել են

Մանրամասներ
ա

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինության` սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած մասնակի փլուզման հետևանքով տուժել է երեք քաղաքացի։Լուրը հաստատեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Տուժողները հավանաբար տարածքի աշխատակիցներ են եղել»,-ասաց նա։

Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ «Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոններից մեկը։

Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մեկուսացվել էր օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Փլուզվել էր եռահարկ շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր 16 քաղաքացու մարմին։