Այս պահին որևէ փաստաթուղթ չկա և որևէ փաստաթուղթ չի քննարկվում ստորագրման համար․ Տարոն Չախոյան

Մանրամասներ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս պահին որևէ փաստաթուղթ չի քննարկվում քննարկման համար։

«ԱԺ -ում իր ելույթի ժամանակ վարչապետ Փաշինյանը պարզ հայերենով հստակ ասել է.

«Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»։

Տեղեկացնեմ, որ այս պահին որևէ փաստաթուղթ չկա և որևէ փաստաթուղթ չի քննարկվում ստորագրման համար:

Ոմանք նենգորեն ու չարամտորեն խեղաթյուրելով վարչապետի խոսքերը փորձում են երկրում ստեղծված իրավիճակում հակաիշխանական ալիք ձևավորել, այնինչ վարչապետն էլ իր խոսքում շեշտել է, որ չի պատրաստվում ստորագրել մի թուղթ, որը կհակասի Հայաստանի պետական շահերին:

Իսկ Հայաստանի սահմանների վրա ադրբեջանական ագրեսիայի պարագայում ու երկրում ստեղծված այս իրավիճակում վարչապետի խոսքերը մանիպուլացնելն ու իշխանության զավթման նպատակով ալիք բարձրացնելը ոչ այլ ինչ է, քան հակապետական սրիկայություն»,– գրել է նա:

ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նույնպես անդրադարձել է թեմային՝ նշելով, թե նման փաստաթուղթ չկա։

«Փոթորիկ մեկ բաժակ ջրում կամ հերթական մեդիատեռորը

Վարչապետը այսօր Ազգային ժողովում իրականում ասել է, որ.

Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը կարմիր գիծ է, և մենք ամեն բան անելու ենք պահպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

Մենք պատրաստ ենք ստորագրել մի թուղթ, որը կապահովի տևական խաղաղություն և անվտանգություն ՀՀ֊ի համար։ Հիմա ամենակարևորը՝

Այս պահին նման ԹՈՒՂԹ ՉԿԱ, որևէ բան ՉԻ՛ ստորագրվելու։

Խոսքը ապագայում որևէ հիպոթետիկ լուծման մասին է, որը կարտահայտեր մեր պետական շահերը։ Այսքան բան, ուրիշ ՈՉԻՆՉ ՉԿԱ՛, որևէ փաստաթուղթ չկա՛

Առաջարկում եմ ուշադիր դիտել վարչապետի ելույթը և չտրվել դավադրապաշտական մոլորություններին»։