Չի կարող մեր պարտությունը բազմապատկման էֆեկտ ունենալ․ ՀՀ-ն այլևս տալու բան չունի. Էդմոն Մարուքյան

Մանրամասներ
ա

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Առաջին ալիքին տված հարցազրույցում պատասխանել է հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանին ինչ-որ բան տալ և այս ամեն ինչը կանգնացնել, թե՞ պետք է մինչև վերջ պայքարենք։

«ՀՀ-ն շատ կառուցողական դիրքորոշում ունի և դրա համար գործող իշխանությունը ծանր քննադատության է ենթարկվում։ Ասում են՝ ինչու եք անընդհատ խաղաղությունից խոսում, երբ իրենք չեն ուզում, ինչո՞ւ եք բանակցում, մեր ռազմագերիներին անգամ չեն վերադարձնում։ Դրանից զատ ՀՀ-ն փորձում է ճանապարհներ, լուծումներ փնտրել՝ կոմպրոմիսներով, որ լուծվի խնդիրն ու խաղաղություն լինի»,-ասել է Մարուքյանը։

Նա նշել է, որ ադրբեջանցիները միջանցք են ուզում ՀՀ սուվերեն տարածքում։

«Ասում են ուզում ենք միջանցք, ՀՀ-ն ասում է մենք ձեզ տալիս ենք ճանապարհ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եկեք, օգտագործեք։ Մենք բացում ենք 3 սահմանային կետ, այսինքն ՀՀ-ն գնում է կոմպրոմիսի, տալիս է մեխանիզմներ, լուծումներ, բայց Ադրբեջանն ուզում է Հայաստանի Հանրապետության տարածքներն օկուպացնել, ՀՀ տարածքում ունենալ միջանցք սուվերեն, ՀՀ տարբեր ուղղություններում ունենալ նոր տարածքներ, բարձունքներ և գրավելով գա առաջ»,-ասել է նա։

Մարուքյանը նշել է, որ մենք այլևս տալու բան չունենք։

«Հայաստանի Հանրապետությունը տալու բան չունի, ինչ տալու բան ուներ, ունեցել է կամ հանգամանքների բերումով ունեցել է, եղել է 44-օրյա պատերազմի պարտության արդյունքում, և վերջ, այսինքն՝ այդ պրոցեսը չի կարող բազմապատկման էֆեկտ ունենալ։ Չի կարող մեր պարտությունը բազմապատկման էֆեկտով գալ ու մենք անդադար շարունակենք էդ պարտության արդյունքում նորից պարտվել։ Իրենք տեսնում են, որ ՀՀ-ն ոտքի է կանգնում, այսօր վարչապետը խոսում էր նաև տնտեսությունից և մարդիկ զարմացել էին, թե ինչո՞ւ է էս վիճակում տնտեսությունից խոսում, բայց դա կարևոր բան է։ ՀՀ տնտեսությունը զարգանում է, միակ տնտեսությունն է տարածաշրջանում, որ զարգանում է։ Ադրբեջանը տեսնում է, որ մենք սկսել ենք փող ունենալ, որ փող ունենք, կարող է զենք առնենք, որ զենք առնենք՝ կուժեղանանք, և ամեն ինչ անում է, որ մենք չուժեղանանք։ Բա ինչի՞ ենք ուզում խաղաղություն, ուզում ենք, որ ուժեղանանք, պետությունը պահենք, որ մեր ազգը ցեղասպանության վտանգի առաջ նորից չկանգնի»,-նշել է Էդմոն Մարուքյանը։