Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց. առանցքային վկան հիվանդ է կովիդով

Մանրամասներ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առանցքային վկա Սեւան Քոչարյանը, ինչպես նախորդ նիստին, այսօր եւս չէր ներկայացել դատական նիստին:

Դատավորն ընթերցեց Կոտայքի մարզային ոստիկանության աշխատակիցների կազմած արձանագրությունն առ այն, որ նրան բերման ենթարկելու վերաբերյալ որոշումը կատարելու համար այցելել են Սևան Քոչարյանի բնակարան, ով ոստիկաններին տեղեկացրել է, որ հիվանդ է քովիդով, դատարանին էր ներկայացրել քովիդ դրական թեստի արդյունքը:

Դատավորը հայտարարեց, որ կրկին կդիմեն ոստիկանություն՝ վկա Սևան Քոչարյանին հաջորդ նիստին բերման ենթարկելու համար: Մյուս վկան դատարանին տեղեկացրել էր, որ անձնական պատճառներով բացակայում է երկրից և չի կարող ներկա գտնվել նիստին:

Նիստին ներկա չէր վկա Հարությունյանը, որի շահերի ներկայացուցչի խոսքով՝ վերջինս հիվանդ է, ներկայացրել է անաշխատունակության թերթիկ և միջնորդել հետաձգել դատական նիստը:

Հիշեցնենք միայն, որ Սևան Քոչարյանն այն վկան է, ով ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ:

Այսօրվա դատական նիստին նույնպես իր պաշտպանական թիմի հետ միասին ներկա էր ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դատավոր Վահե Միսակյանն ասաց, որ վկաների բացակայությամբ դատական նիստը շարունակվել չի կարող, հարգելի համարեց նրանց բացակայությունն այսօր և հետաձգեց նիստը:

Դատավորը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը կկայա հոկտեմբերի 6-ին, ժամը 14-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։