Մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչները հնարավորություն չեն ունենա ուսուցիչ աշխատելու․ Փաշինյան

Մանրամասներ
ա

Մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչները հնարավորություն չեն ունենա ուսուցիչ աշխատելու, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք կարող հանդուրժել մեր ուսուցիչներին ու դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը, և դրանք ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել՝ այն ընկալմամբ, որ այդ գործընթացը պիտի զուգակցվի ուսուցչի կամավոր ատեստավորմամբ։ Ընդ որում, դա պիտի լինի շարունակական գործընթաց, և ատեստավորված ուսուցիչները 5 տարին մեկ նույն եղականով իրենց աշխատավարձը կրկին բարձրացնելու հնարավորություն պիտի ստանան։ Այսինքն՝ ամեն 5 տարին մեկ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները նորից կարող են կամավոր ատեստավորվել և կրկին աշխատավարձի բարձրացում ունենալ, որովհետև ժամանակի ընթացքում գնաճ է տեղի ունենում, և ուսուցիչները նույնպես իրենց աշխատավարձերը բարձրացնելու հնարավորություն պիտի ունենան։ Իսկ մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչներն այդ կարգավիճակը պահպանելու հնարավորություն չեն ունենա, այսինքն՝ ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու։ Նույն գործընթացը պիտի ընդգրկի նաև մանկապարտեզների դաստիարակներին»,- ասաց նա։