Ադրբեջանից Նախիջևան տարանցման հավանական ավտոմոբիլային երթուղիները և կարգը մշակման փուլում են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են հայտնել են ՀՀ ԱԱԾ–ի մամուլի ծառայությունից։
Օգոստոսի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը երեք անցակետ կբացի Ադրբեջանի հետ սահմանին։ Կառավարության որոշման նախագիծն առաջարկել է Ազգային անվտանգության ծառայությունը։
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ` խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին`
արդյոք այդ գործընթացը համաձայնեցվա՞ծ է Ադրբեջանի հետ,
ե՞րբ է նախատեսված անցակետերի գործարկումը,
արդյոք անցակետերը գործարկվելո՞ւ են մինչ դելիմիտացիայի և դեմարկացիայի ավարտը,
անցակետերը կարո՞ղ են գործարկվել մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը,
ԱԱԾ-ն ներկա պայմաններում երկրի համար անվտա՞նգ է համարում Ադրբեջանի քաղաքացիների ազատ ելումուտը ՀՀ տարածք։
Ի պատասխան ՀՀ ԱԱԾ–ն հայտնել է, որ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703–Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։
«Այժմ մշակման փուլում են տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, հետևաբար հարցերին հնարավոր կլինի պատասխանել համապատասխան որոշումներ ընդունելուց հետո»,- նշել է ՀՀ ԱԱԾ-ն։
0Comments