Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերն ընդունվելու են մինչև սեպտեմբերի 5-ը

Մանրամասներ
ա

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգը՝ սահմանված ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի N1667-Ն որոշմամբ և 2022 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշման հավելվածով․

Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որս իրականացնել ցանկացողները (այսուհետ՝ հայտատու) լիազոր մարմին են ներկայացնում պայմանագիր կնքելու մասին հայտ՝ նշելով՝

1) հայտատուի տվյալները (իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը).

2) ձկան և խեցգետնի տեսակը.

3) չափաքանակը.

4) օգտագործման ենթակա տարածքը (տեղադիրքը).

5) օգտագործման ժամանակահատվածը.

6) որսամիջոցները.

7) ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցի տեսակը և նկարագիրը.

8 ) ձկնորսների քանակը և անձնագրային տվյալները։

Փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Հայտերը ներկայացվում են յուրաքանչյուր տարի շրջակա միջավայրի նախարարության կայքէջում http://env.am համապատասխան հայտարարությունը տեղադրելու օրվանից 10 օրվա ընթացքում:

Դիմումի և հայտի ձևեր՝ https://bit.ly/3ToLK3L

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նոր կարգավորումներով արդյունագործական նպատակով օգտագործման իրավունքը վերապահված է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց։

Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման ժամկետը սահմանված է մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը։