Բանակին և հետախուզությանը հանձնարարվել է պատրաստվել Իրանի վերաբերյալ ցանկացած սցենարի. Իսրայելի վարչապետ

Մանրամասներ

1

Իսրայելի պաշտպանության բանակին և իսրայելական հետախուզությանը՝ «Մոսադ»-ին, հանձնարարվել է պատրաստվել Իրանի վերաբերյալ ցանկացած սցենարի։ Այս մասին  հայտարարել է հրեական պետության վարչապետ Յաիր Լապիդը՝ մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հնարավոր վերականգնման շուրջ ստեղծված իրավիճակը։ 

«Իսրայելի պաշտպանության ուժերը և «Մոսադ»-ը հրահանգներ են ստացել մեզնից՝ պատրաստվելու ցանկացած սցենարի, մենք պատրաստ կլինենք գործել Իսրայելի անվտանգությունը պահպանելու համար։ Սա հասկանում են ամերիկացիները, սա հասկանում է ողջ աշխարհը, սա պետք է իմանա նաև Իսրայելի հանրությունը»,- գրել է վարչապետը Twitter-ի իր էջում։

Լապիդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իսրայելը դեմ է ԳՀՀԾ-ի ներկայիս տեսքով վերականգնմանը։

«Այն վատ համաձայնագիր է, այն արդեն վատն էր, երբ ստորագրվեց 2015 թվականին, այսօր դրանից բխող վտանգներն ավելի են մեծացել։ Այն մոտ է ավարտման ժամկետին, իսկ Իրանը տեխնոլոգիաների զարգացման առումով այլ վիճակում է»,- ասել է նա։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ իր երկրի գլխավոր առաջնահերթությունն ի սկզբանե եղել է իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքին դեմ հանդես գալը: 

«Մեր քաղաքական ուղղությունն առաջին իսկ օրվանից՝ պայքարել այս համաձայնագրի դեմ մեր ողջ ուժով, բայց չվնասելով ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական հարաբերություններին»,- ասել է Լապիդը։

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։

Ուրբաթ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելն ավելի մոտ է, քան երբևէ։ Նույն օրը Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մի քանի շաբաթվա ընթացքում։

Իսրայելի իշխանությունները բազմիցս դեմ են արտահայտվել Իրանի հետ նոր գործարքին: Նա բազմիցս ընդգծել է, որ Իսրայելը Թեհրանի հետ հնարավոր համաձայնագիրը չի համարի իրավաբանորեն պարտավորեցնող և կշարունակի ամբողջ ուժով դեմ լինել Թեհրանի միջուկային ծրագրին, նույնիսկ եթե նոր գործարք կնքվի: