Աշխատանքներն այս պահին ընթանում են բուն էպիկենտրոնում․ ՓԾ տնօրեն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Վթարի տարածքը կազմում է մոտ 1 հա տարածք, այս պահի դրությամբ 95%-ից ավելին մաքրված է, որոնողափրկարարական աշխատանքները այդ հատվածում ավարտվել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։

«Աշխատանքներն այս պահին ամբողջ թափով ընթանում են բուն էպիկենտրոնի հատվածում, որտեղ ավելի բարդ է իրավիճակը, քանի որ պայթյունի հետևանքով կան կախված երկաթբետոնե կոնստրուկցիաներ, պանելներ, որոնց հեռացումը պարտադիր է։ Ներկա պահին աշխատանքները ընթանում են բուն էպիկենտրոնում, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, գտնվում է վերջին անհետ կորածը։ Մի մետր առաջ գնալու համար իրականացնում ենք բարդ ինժեներական աշխատանքներ»,- նշեց Գասպարյանը։

Վերջինիս խոսքով՝ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն՝ անհետ կորած քաղաքացին եղել է առևտրի կենրոնի աշխատակից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։ Պայթյունի հետևանքով կա 16 զոհ, 60-ից ավելի տուժած: