Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները կխստացվեն, ապրանքը կբռնագրավվվի

Մանրամասներ
ա

Կառավարությունն այսօրվա նիստում օրենսդրական փաթեթ ընդունեց, ըստ որի՝ Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները խստացվում են։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց․ «Առևտրի և ծառայության մասին օրենքով սահմանած է, թե փողոցում և բացօթյա հատվածում ինչ տեսակի և որտեղ կարելի է առևտուր իրականացնել։ Եվ Երևան համայնքը, և մեր բազմաթիվ համայնքներ բախվում են այս խնդրին, որ փողոցային առևտուրն անընդհատ կա։ Ինչքան էլ տույժեր կամ վարչական ակտեր են կիրառվում, խնդիրը չկարգավորված է մնում։ Քաղաքապետարանի գործընկերներն առաջարկում են, որ ոչ միայն նրանք կարողանան վարչական տուգանք կիրառել, այլ նաև այն ապրանքները, որոնք այդ պահին կհայտնաբերեն, աշխատակիցներն իրավունք կունենա դա առգրավել, որից հետո նաև իրավական գործընթաց սկսել։ Այդպիսով փորձելու են կանխել փողոցային առևտրի այն հատվածը, որը չի կարելի»։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ այսօր առկա գործիքակազմը բավարար չէ իրավախախտումները կանխելու համար։ «Շատ դեպքերում այդ տուգանքները չենք կարողանում գանձել քաղաքացիներից, 90 տոկոս դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում, և գնում ու սնանկ են դառնում։ Խնդրի լուծումը մենք տեսնում ենք հետևյալ կերպ՝ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում կարողանանք այն միջոցները, որոնք օգտագործվում են ծառայություններ մատուցելու կամ առևտրի համար, դրանք կարողանանք բռնագրավել, որով այս խնդիրը վերջնականապես մենք կկարողանանք լուծել։ Պարբերաբար մենք Երևանում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամենը նորից կրկնվում է»,- նշեց քաղաքապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փողոցային առևտրի հարցը արդեն 30 տարի հատկապես Երևանում քննարկվում է։ «Պետք է սկզբունքային որոշումներ կայացնել և գնալ առաջ։ Իսկ ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահել, ասում են՝ բորդյուր շարող չունենք, կապիտալ ծախսերի իրականացման ընթացքում մենք աշխատուժի լուրջ պրոբլեմ ունենք, շինարարական կազմակերպությունները աշխատուժի խնդիր ունեն։ Այսինքն՝ այնպես չէ, որ երկրում աշխատելու տեղ չկա, պետք է դադարեցնել, կասեցնել։ Եվ, այո, այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս գնալ փողոցային առևտրի նյութերն ամբողջովին առգրավել, հետո դատական կարգով հարցին լուծում տալ»,- նշեց նա։