Հայաստանի ընդդիմադիր պատգամավորերը շատ ավելի հանձնված են, քան Աղավնոյի բնակիչները

Մանրամասներ

1

Oragir.news-ը զրուցել է վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի հետ, ով արդեն մոտավորապես 10 օր է՝ Աղավոյում է։

-Պարո՛ն Իշխանյան, երեկ Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը խոսում էր այն մասին, որ Աղավնոյի բնակիչները ըստ ժամանակցույցի տարհանվելու են։ Երևանում տպավորություն է, որ ամեն ինչ ավարտված է արդեն, ու տարհանումն այլևս անխուսափելի է։ Ամեն ինչ ավարտվա՞ծ է։

- Ո՛չ, ամեն ինչ դեռ ավարտված չէ։ Իրավիճակն այսպիսին է․ այս մարդկանց թուրքական իշխանությունները՝ Հայաստանում Թուրքիայի ներկայացուցիչների հետ միասին վերջնագիր են ներկայացրել։ Հիմա դեռ ոչ մի բան հանձնված չէ։ Մարդիկ այստեղ փորձում են մինչև վերջին պահը չհանձնվել, սակայն որպեսզի հնարավոր լինի հետո էլ չհանձնվել, Հայաստանից, Սփյուռքից պետք է այդ աջակցությունը լինի։ Այդ աջակցությունը ենթադրում է ֆիզիկապես լինել այստեղ, իսկ թե ինչու է կարևոր ֆիզիկապես լինել այստեղ, որովհետև եթե այստեղ ֆիզիկապես խաղաղ քաղաքացիներ են լինում, ապա հանրային պահանջ են ձևավորում, դիմադրություն են ձևավորում։ Շատ կարևոր է, որ մարդիկ այստեղ լինեն մինչև վերջին օրը, պետք է փորձել այդ դիմադրությունը կազմակերպել։

-10 օր է՝ Աղավնոյից կոչ եք հնչեցնում գալու։ Գալի՞ս են։

-Ես երեկ Ստեփանակերտում էի, այսօր վերադարձել եմ Աղավնո ու անընդհատ, օրվա ընթացքում քայլելով փողոցներում, նոր մարդկանց եմ հանդիպում, նոր մարդկանց հետ եմ ծանոթանում։ Մոտավորապես 20-ից քիչ մարդկանց հետ եմ ծանոթացել։ Կարևոր է, որ գալիս են կազմակերպիչներ։ Այստեղ է նաև Վարդան Պետրոսյանը։ Այսինքն՝ ես արդեն 10 օր է՝ այստեղ եմ ու հանրային դեմքերից միայն Վարդան Պետրոսյանն է այստեղ։ Հայաստանի հանրային դեմքերը, ովքեր այս տարիների ընթացքում խոսել են կամ չեն խոսել, պիտի հասկանան, որ նրանց խոսքը՝ այստեղից հնչող, մեծ փոփոխություն է բերելու, հատկապես դա կարող է ցույց տալ, որ այստեղ խաղաղ մարդիկ են, որոնք էթնիկ զտման են ենթարկվում։ Ես հույս ունեմ, որ Վարդան Պետրոսյանի օրինակին կհետևեն մյուս հանրային գործիչները և այստեղ կլինեն։ Դա վերաբերում է քաղաքական, հասարակական գործիչներին, արվեստագետներին։

-Այս օրերին խորհրդարանական ընդդիմության մի խումբ պատգամավորներ Արցախում էին, նրանք Բերձոր և Աղավնո այցելե՞լ են։

-Ես նրանց չեմ տեսել, բայց, գիտե՞ք, հարցը մի անգամ այցելելը չէ, հստակ ռազմավարություն է պետք մշակել՝ գալու, էստեղ մնալու։ Պիտի հայ ժողովրդի հետ գալ, մնալ այս տարածքում։ Առաջին հերթին պետք է գալ, երկրորդ հերթին՝ պետք է անընդհատ նոր բաներ մտածել, թե ինչ կարելի է անել։ Մի քանի օրվա ընթացքում ինչ այստեղ եմ, այնքան պատահական ծանոթություններ եմ ունեցել ու միայնակ էլ բազմաթիվ բաներ կարող եմ մտածել, հնարավորություններ տեսնել, թե ինչ կարելի է անել։ Հիմա պատկերացրեք՝ եթե պատգամավորական մանդատով այդ պատահականությունների մեջ լինեն, ինչքան բան կարելի է անել։ Բայց ես ձեզ ասեմ՝ Հայաստանի ընդդիմադիր պատգամավորական խմբերը շատ ավելի հանձնված են, քան այստեղի բնակիչները։ Ես ուրիշ պատճառ չեմ գտնում, թե ինչու Հայաստանի պատգամավորները այստեղ չեն։ Եթե անգամ այստեղ գալը PR քայլ են համարում, միևնույն է, թող գան իրենց PR-ն անեն։ Նրանք ճանաչված երկրի ճանաչված պատգամավորներ են՝ թող գան, իրենց PR-ն անեն, էն ժամանակ, որ հայտարարեցին, թե գնում են Արցախ ու պատգամավորական մի ամբողջ ջոկատով որոշեցին մտնել Արցախ, դա PR քայլ չէ՞ր, իսկ հիմա, երբ մարդկանց հոգեբանական այս վիճակի մեջ են թողնում, դա PR քա՞յլ է։ Հա՞։ Ամեն դեպքում՝ մենք դեռ ունենք ժամանակ, եթե այդ ընթացքում ոչինչ չանենք, 100 տոկոսով կհանձնենք։ Եթե փորձում ես անել, հավանականություն ես ստեղծում։

-Իսկ հեռացողներ կա՞ն։

-Թվերի չեմ տիրապետում, չգիտեմ, բայց այս պահին Աղավնոյում եմ, ու այստեղ լիքը մարդ կա հավաքված, երեխաներ են դրսում վազվզում, Հայաստանից մարդիկ կան, այդ թվում՝ երիտասարդ արվեստագետներ են այստեղ, բայց քաղաքական աջակցությունը այստեղ չէ։ Գիտե՞ք, թեկուզ այս մարդկանց կարիքերը լսելու համար արժե, պետք է այստեղ լինել։ Դրանից հետո կարող ենք հասկանալ, թե հաջորդ անգամ ինչպես կարելի է դիմադրություն կազմակերպել, բայց իմ մոտ տպավորություն է, որ շատ քաղաքական գործիչների համար հայրենիքը քարտեզով տարածքներ է միայն, ոչ թե մարդիկ։

Oragir.news