«Գունավոր հեղափոխությունների» ֆոնին՝ Պետդումայում առաջարկել են ԽՍՀՄ-ի օրինակով պետությունների նոր միություն ստեղծել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՌԴ պետդումայի Ղրիմի շրջանից պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է ստեղծել ԽՍՀՄ-ի ձևով ինքնիշխան պետությունների կամավոր միություն՝ Արևմուտքի ագրեսիային և էքսպանսիային դիմակայելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ըստ Շերեմետի՝ ԽՍՀՄ գոյությունը զսպում էր ՆԱՏՕ-ին «ամբողջ աշխարհը ստրկացնելու և գաղութացնելու» ցանկության հարցում։

«Նպատակահարմար եմ համարում վերադարձը մեկ ռազմաքաղաքական և տնտեսական բլոկի մեջ ինքնիշխան պետությունների կամավոր միավորման կոլեկտիվ համակարգին, որը կարող է արդյունավետորեն դիմակայել արևմտյան էքսպանսիային և ագրեսիային»,- նշել է պատգամավորը։

Նոր համադաշնության նախատիպը կարող է դառնալ ԽՍՀՄ-ը, իսկ անկախ պետությունների նման միության ստեղծումը թույլ կտա երկրներին ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, կարծում է պատգամավորը։

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամերիկացիները սկսեցին միջամտել հետխորհրդային տարածքում անկախ պետությունների գործերին, կազմակերպելով գունավոր հեղափոխություններ և պետական հեղաշրջումներ, ինքնիշխան պետություններից ստեղծելով իրենց արբանյակները և աստիճանաբար գրավելով դրանք, մոտենալով Ռուսաստանի սահմաններին, դրա օրինակներից մեկն այսօրվա Ուկրաինան է»,- ընդգծել է պատգամավորը։

Նրա կարծիքով՝ նոր դաշինքն իր սահմաններով կարող է գերազանցել Խորհրդային Միության սահմանները։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանն ունի բոլոր հնարավորություններն ու ներուժը՝ ապահովելու նոր միության անվտանգությունը։

Շերեմետը հավելել է, որ նման դաշինքում երկրներից յուրաքանչյուրը կունենար հավասար իրավունքներ և կհարգեր միմյանց ինքնիշխանությունն ու մշակույթը։