Թայվանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է կղզու մոտակայքում նախատեսված չինական զորավարժությունները՝ նշելով, որ դրանց նպատակը քաղաքացիների հոգեբանական ահաբեկումն է, հայտնում է Reuters-ը։
Չինական բանակը մի շարք ռազմական օպերացիաներ կսկսի Թայվանի շրջակայքում երեքշաբթի երեկոյան՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի ֆոնին, երեքշաբթի հայտարարել է ՉԺՀ-ի Արեւելյան գոտու մարտական հրամանատարության ներկայացուցիչ Շի Յին:
Գործակալության տվյալներով՝ Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Չինաստանը փորձում է սպառնալ կղզու գլխավոր նավահանգիստներին ու քաղաքներին, այդ կապակցությամբ Թայվանը լրջորեն դատապարտել է ՉԺՀ-ի այդ որոշումը։
«Չինական զորավարժություններն ուղղված են քաղաքացիների հոգեբանական ահաբեկմանը»,- ասվում է Թայվանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Պաշտպանության գերատեսչությունում նշել են, որ զինվորականները վերահսկում են իրավիճակը եւ բարձրացրել են պատրաստվածության մակարդակը։ Այնտեղ հայտարարել են, որ զինվորականներն «անվտանգությունն ապահովելու» տրամադրվածություն ու կարողություններ ունեն։
0Comments