Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական աջակցության կրճատման մասին մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին նա հայտարարել է Globe and Mail-ին տված հարցազրույցում։
Գերմանիայի կանցլերն ասել է, որ «Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո առաջին օրերից» երկիրը զենք և զինամթերք է մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին։
«Մենք առաքեցինք այն ամենը, ինչ ունեինք՝ հակատանկային և հակաօդային համակարգեր, ականներ, տոննաներով զինամթերք և ոչ մահաբեր օգնություն: Այդ ժամանակից ի վեր մենք անցանք ավելի բարդ և թանկ համակարգերի: Ինքնագնաց հաուբիցներ, բազմակի արձակման հրթիռային համակարգեր, հակաօդային համակարգեր, հակամարտկոցային ռադարներ։ Այս համակարգերից մի քանիսն այնքան նոր են, որ դրանցից շատ քչերն են արտադրվել, իսկ որոշները նույնիսկ չեն ներկայացվել Բունդեսվերին»,- ասել է Շոլցը։
Գերմանիան, հավելել է նա, նաև վերապատրաստում է ուկրաինական անձնակազմերը։
«Մինչ մենք խոսում ենք, ուկրաինացիները վերապատրաստվում են նոր և ավելի բարդ սարքավորումների վրա Գերմանիայի մի քանի վայրերում: Եվ մենք կշարունակենք այդ աջակցությունը տրամադրել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», ավելացրեց Շոլցը:
0Comments