Գագիկ Ծառուկյանի որդին՝ զինված միջադեպի հետ որևէ կապ չունի. Իվետա Տոնոյան

Հորդորում եմ հանրությանը մատուցել բացառապես ճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անբարեխիղճ մասնագիտական գործունեությունից

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«1-in.am կայքն այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե իբր նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին ներգրավված է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։

Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Նվեր Ծառուկյանն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի և որևէ մասնակցություն չի ունեցել: Գործի շրջանակներում Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է և արդեն իսկ ապացուցված է նրա՝ զինված միջադեպի հետ որևէ կապ չունենալու հանգամանքը: Լրատվամիջոցների իմ գործընկերներին ևս մեկ անգամ հորդորում եմ հանրությանը մատուցել բացառապես ճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անբարեխիղճ մասնագիտական գործունեությունից»: