«Վովայի Արշակի» ազատ արձակման համար գրավի չափը սահմանվել է 562 մլն դրամ. գրավի չափը կբողոքարկվի

Մանրամասներ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին՝ «Վովայի Արշակին», կալանքից ազատելու համար գրավի չափը սահմանել է 562 մլն դրամը։

Հակոբյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը news.am-ին ասաց, որ իրենք գրավի սահմանված չափի հետ համաձայն չեն եւ պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել. «Մենք բողոքարկելու ենք, որպեսզի Վերաքննիչ դատարանն իջեցնի գումարի չափը։ Հիմա փորձում են ընկերները, բարեկամները հավաքել այդ գումարը, որպեսզի Արշակ Հակոբյանը որքան հնարավոր է շուտ ազատ արձակվի»։

Տիգրան Աթանեսյանը նշեց, որ իրենք որպես գրավի չափ նշել էին 50 միլիոն ՀՀ դրամը։

Ըստ մեղադրանքի՝ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը: