Կրակոցներ Երևանում․ ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Մանրամասներ

Այսօր՝ հուլիսի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Շենգավիթի ոստիկանները, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մ․ Ներսիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ նշված վայրից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նրանք հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով։ Ու մինչ հիվանդանոց տեղափոխելը, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց։

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 5 պարկուճ, արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են և, բարեբախտաբար, նրանց վնասվածքները ծեծկռտուքի արդյունք են, այլ ոչ թե հրազենային վերքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։